Մշակույթի նախարարությունը պարգևատրել է թատրոնի նվիրյալներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարությունը ոսկե մեդալներով պարգևատրեց և պատվոգրեր հանձնեց մի խումբ թատերական գործիչների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսությունը տեղի ունեցավ մարտի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը խոստովանեց, որ իր համար հուզիչ է և պատվաբեր վաստակաշատ և մեծանուն մարդկանց առաջ խոսք ասելը: Նա ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ուղերձը, որում Ղարիբյանը շնորհավորում էր բոլորին թատրոնի միջազգային օրվա առթիվ: «Ամեն տարի այս օրը ևս մեկ անգամ հնարավորություն ունենք գնահատելու, վերարժևորելու թատրոնի ոլորտի նվիրյալների անասելի աշխատանքը, հպարտանալու մեր թատերարվեստի ձեռքբերումներով: Թատրոնը մշակութային օջախ է, որտեղ ներկայացվում են գեղեցիկն ու իրականը, կարևորվում է յուրաքանչյուր ժեստ, դիմախաղ, խոսք: Համարվում է, որ թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը: Այն խտացնում է ոչ միայն հազարամյակներով թրծված խաղի ծիսական հոգին, այլև արվեստի տարբեր դրսևորումները` գրավելով հանդիսատեսին իր ազդեցիկ անմիջականությամբ: Նախարարությունն արժևորում է հայ բեմի ավանդույթների սերնդեսերունդ փոխանցումն ու միևնույն ժամանակ նորարարություններից չխուսափելու միտումը»,-ասվում էր ուղերձում:

Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` այն մարդիկ, որոնք աշխատում են թատրոնում, մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են թատրոնին և սպասարկել ստեղծագործական ընթացքը, նրանց բոլորի համար այսօր տոն է: «Առանց թատրոնի, առանց մշակույթի անհնար է ապրել: Բազմիցս եմ ասել ու կասեմ, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, և ինչպիսի գեղեցկությամբ, որ Աստված ստեղծել է աշխարհը, նույն գեղեցկությամբ, նույն սիրով պետք է ներկայանա թատրոնը, որ վաղվա օրն ավելի գեղեցիկ ու լուսավոր դառնա»,-շեշտեց նա:

Ոսկե մեդալների արժանացան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Շամցյանը, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը, Երևանի կամերային պետական թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրամյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը, Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասան Տրդատ Մակարյանը, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն և դերասան Շանթ Հովհաննիսյանը, Արտաշատրի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Թովմասյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Արմինե Վերմիշյանը, Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթևիկ Ղազարյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սամվել Օհանյանը:

Պատվոգրերով պարգևատրվեցին Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասան Հայկ Կլեկչյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի նկարիչ-կատարող Սուսաննա Տոնոյանը, Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց բալետմայստեր Նարինե Միրզոյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Արև Հակոբյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Մանվել Սարգսյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսային ծառայությունների պետ Արամ Աղաջանյանը, Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և դերասան Ներսես Մարկոսյանը, Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վյաչեսլավ Շամիրյանը, Մայր թատրոնի դերասանուհի Լուսինե Կոստանյանը, Գորիսի թատրոնի դերասանուհի Փեհիմնա Աբրահամյանը, Գյումրու թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը, Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Անդրեասյանը, Արտաշատի թատրոնի դերասանուհի Սառա Ռուշանյանը, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աիդա Սահակյանը, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Պողոսյանը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Դեմիրճյանը: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Կոնստանտին Կոզմանովը, Կապանի թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը, Տիկնիկային թատրոնի դերասանուհի Վարդուհի Թովմասյանը, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Լեվսիր Դավթյանը:

«Յուրաքանչյուր գնահատական արտիստի համար միշտ լավ է, չէ՞ որ արվեստագետը ջանք է թափում, աշխատում է և արժանի է դրան: Սա այդ գնահատականներից մեկն է, որն ինձ համար էական է: Իմ 135-րդ դերից հետո նկատել են աշխատանքս»,-շեշտեց նա ու հավելեց, որ ավելի է կարևորում ժողովրդի խոսքը, այն, որ փողոցում իրեն մոտենում են ու ցանկանում լուսանկարվել իր հետ: «Հիշում եմ` տարիներ առաջ մտա Սոս Սարգսյանի աշխատասենյակ, նա ասաց. «Այ տղա, արի, ես քեզ կարևոր բան եմ ուզում ասել: Ապրես: Ինչ խաղացիր, տղա ջան, դու լավ խաղացիր»: Դա ինձ համար մեծագույն պարգև էր»,-պատմեց Մարությանը:

Շանթ Հովհաննիսյանի կարծիքով այս միջոցառումներին մասնակցելը հատկապես երիտասարդներին շատ կոգևորի, նոր թափ կտա նրանց աշխատանքին:

«Մարզային թատրոնները գործում են, պետք է գործեն և նոր ասելիքով ներկայանան հանդիսատեսին: Թատրոնում լինում են հաջողված գործեր, երբեմն` ոչ այնքան, բայց թատրոնն ունի իր թատերասերը»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Միջոցառումն ուղեկցվեց Հայաստանի պետական ջազ-նվագախմբի և հանրապետության անվանի մենակատարների ելույթներով:

Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:




Լրահոս