Որքա՞ն է ծախսել Մշակույթի նախարարությունը գործուղումների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր երկրներում եւ Հայաստանի Հանրապետությունում մշակութային միջոցառումների, քննարկումների, նիստերի, աշխատանքային այցերի, համաժողովների, խորհրդակցությունների մասնակցության ապահովման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությանը պետական բյուջեով նախատեսված միջոցներից աշխատակիցների գործուղումների համար 2018 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը հատկացվել է 23 միլիոն 738 հազար դրամ: Նշված գումարից արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար տրամադրվել է 22 միլիոն 132 հազար դրամ, իսկ Հայաստանի տարածքում իրականացված գործուղումների համար` 1 միլիոն 606 հազար դրամ:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ուղղված գրավոր հարցման միջոցով (Մեզ պատասխանել է գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Սամվել Մուրադյանը):
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ նույն նպատակով 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը նախարարությանը հատկացվել է 26 միլիոն 738 հազար դրամ: Այս գումարից արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար տրամադրվել է 22 միլիոն 391 հազար դրամ, իսկ Հայաստանում իրականացված գործուղումների համար` 4 միլիոն 346 հազար դրամ:
Հավելենք, որ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված է տարեկան 350 մլն դրամ:

Տեղեկացնենք նաեւ, որ, համաձայն օրենսդրական կարգավորման, գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, ճանապարհածախսը, հյուրանոցային ամրագրման վճարը եւ այլ ծախսեր: Այս պարագայում գործուղվող անձինք կարող են հարկատուների հաշվին չարաշահել իրենց ընձեռված հնարավորությունները, կատարել կասկածելի գնումներ եւ գործարքներ, արհեստականորեն երկարացնել իրենց ներկայությունը գործուղմանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս