Բուհ-ական սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից հետո, տեղեկություններ ենք ստացել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից (ՀՖԿՍՊԻ):
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել ինստիտուտից, որ վերջին մեկուկես տարում ինստիտուտի դեմ ներկայացվել է շուրջ երկու տասնյակ դատական հայց, որոնց ճնշող մեծամասնության ավարտը եղել է ինստիտուտի պարտությամբ։ Այս ամենը վկայում է ոչ միայն կառավարման անկարողության, այլև պետական միջոցների աննպատակ ծախսերի մասին։
Ինչպե՞ս, բացատրենք. բուհ-ում կա գործող իրավաբանական բաժին և անհասկանալի է՝ ինչու են գործերը փոխանցվում փաստաբանական ընկերություններին՝ բուհի միջոցներով միլիոնավոր դրամների վճարներով փաստաբաններին, որոնք դատարաններում հերթով պարտվում են։
Օրինակները բազմաթիվ են և աղմկահարույց.
Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝
• Քոլեջի նախկին տնօրենը վերականգնվել է աշխատանքում․ դատարանը նրա նկատողությունը ճանաչել է անօրինական։
• Պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը հաղթել է երկու տարբեր հայցերը, վերականգնվել է աշխատանքում, իսկ նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է։
• Որակի բաժնի ղեկավար Գոհար Մուրադյանի և գլխավոր հաշվապահի նկատողությունները դատարանները նույնպես ճանաչել են անիրավաչափ։
• Բակալավրիատի բաժնի ղեկավար Ռուզաննա Մարտյանի գործով ռեկտոր Տիգրան Սիմոնյանն անգամ հետ է կանչել իր իսկ հրամանը՝ դեռ դատական գործընթացի սկզբում։
• Ռուսաց լեզվի դասախոս Անահիտ Բարսեղյանի երեք դատական հայցերն էլ բավարարվել են, վճարվել են փոխհատուցումներ՝ պետական բյուջեից։
Այս դեպքերը ցույց են տալիս համակարգային մակարդակով իրավունքների ոտնահարում, ապօրինի հրամաններ և պարբերաբար կրկնվող անգործություն է արձանագրվում, որի հետևանքները վճարում է հպարտ հարկատուն:
Ի՞նչ քայլեր է իրականացնում պետությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ միայն չի նկատում այս իրավիճակը, այլև կառավարության նիստում գովաբանում է ռեկտոր Տիգրան Սիմոնյանին՝ ներկայացնելով նրան որպես «լավ կառավարիչ», ով գուցե նաև պարգևատրվի:
Հատկանշական է՝ այս ամենի ակունքում կանգնած է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, ոչ միայն պաշտպանում է ռեկտոր Սիմոնյանին, այլև աջակցում է նրա՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ միավորման ծրագրերին։ Թեեւ վաղուց պետկան համակարգում նա չի աշխատում, բայց ընդհանուր նպատակը պարզ է՝ ստեղծել վերահսկելի հաստատություն՝ հարմար քաղաքական և կադրային շահերի համար։
Հավելենք, որ նիստն այսօր կայացել է, իսկ Գիլոյանին փոխարինել են ու պարգևատրությունը հաստատել են։ «Ժողովուրդ»-ը դիմել է ինստիտուտի Հանրային կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանին, ով հայտնեց․
«Առանձին-առանձին չանդրադառնալով տեքստում առկա փաստերին՝ վստահեցնում եմ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է բացառապես` ՀՀ օրենսրդրությանը և բուհի գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի տառին համապատասխան»:
Սոնա Գրիգորյան

























































































