ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Հայաստանում բարձրաստիճան հոգեւորական լինել նշանակում է բարձրաստիճան «կայֆերի մեջ» լինել: Թեեւ բավական գռեհիկ է հնչում, սակայն դա հենց այն ճշգրիտ  ձեւակերպումն է, որը բնութագրում է  հայրենի բարձրաստիճան հոգեւորականության որոշ կարկառուն ներկայացուցիչների վարքուբարքը: Իսկ «կայֆերի սիրահար» կարկառուններից ամենակարկառունն, իհարկե, բոլորին քաջ հայտնի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է` նույն ինքը` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը, նույն ինքը` Բենթլի Նավոն: Այս արքեպիսկոպոսը, որը, փաստորեն, հայրենի հոգեւորականության մեջ ներմուծեց մականունավորների կատեգորիան, հանրությանը հայտնի է նրանով, որ համարվում է Հանրապետական կուսակցության պերսոնալ տերտերը, որը ձեռքի հետ էլ պետք եղած ժամանակ Սերժ Սարգսյանի գլխին «զոնտիկ» է պահում կամ  տարբեր գլամուրային միջոցառումներ «օրհնում»: Այն, որ Կճոյանը բոլոր ժամանակների ամենագլամուրային հայ տերտերն է, արդեն իսկ կասկածից դուրս է: Հենց մենակ վերջինիս «Բենթլի»-ն ու անվանական զենքն արդեն իսկ բավական գլամուրային են նայվում նրա սքեմի հետ, որը նա, ի դեպ, երեկոյան ժամերին` գլամուրային այցելությունների ժամանակ, մի կողմ է  նետում եւ հանրությանը ներկայանում գրեթե աշխարհիկ կեցվածքով: Ի վերջո, մարդը չի էլ թաքցնում, որ ինքը թուլություն ունի գլամուրի հանդեպ: Ինչպես եւ վայել է իրական հոգեւորականին, նա ամենայն ազնվությամբ ասաց, որ չի պատրաստվում հրաժարվել իր շքեղ մեքենայից` այն նվիրաբերելով եկեղեցուն: Իսկ վերջերս էլ հրապարակավ խոստովանեց, որ հաճախում է Երեւանի հայտնի զվարճանքի վայրերը`  JOSE, «Նոյյան տապան», «Օջախ» եւ այլ ռեստորանային համալիրներ. «Ես այցելում եմ, իհարկե, ոչ միայն Jose, ուրիշ տեղեր էլ, օրինակ` «Նոյյան տապան», «Օջախ» եւ այլ ռեստորաններ, երբ հյուրեր են լինում, այցելում ենք տարբեր տեղեր»: Չէ, հասկացա՞ք: Փաստորեն, Հայ եկեղեցու սպասավորն իր եւ իր հյուրերի հոգեւոր պահանջմունքները բավարարելու համար գնում է ռեստորանային համալիրներ: Ավելին, նաեւ` «տարբեր տեղեր»: Կարելի է միայն կռահել, թե ինչպիսի «հոգեւոր պահանջմունքներ» եւ ինչպիսի հյուրեր է ունենում Կճոյանը, ով, ի դեպ, նաեւ իրեն «Բենթլի» նվիրած սանիկի` Մհեր Ավետիսյանի հետ JOSE-ի համասեփականատերն է: Փաստորեն,  մարդը երեկոյան սեփական «Բենթլի»-ն սեփական եկեղեցու գարաժից հանում է ու գնում օբյեկտը «նայելու»: Ու միանգամայն իրավացի է սույն արքեպիսկոպոսը` ասելով. «Իմ մասով ինչ գրած է մամուլում, դա դետեկտիվ է»: Դետեկտիվ չէ, բա ի՞նչ է:
Հ.Գ. Զվարճանքի վայրերի սիրահար հոգեւորականների եւ այդ վայրերում աշխատող շոու բիզնեսի ներկայացուցիչների միջեւ շատ «ներդաշնակ» հարաբերություններ են ձեւավորվել: Օրինակ` զվարճանքի ինդուստրիայի վառ դեմքերից մեկը` Նազենի Հովհաննիսյանը,  վերջերս հայտարարել է. «Շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ամեն ինչ անում են, որպեսզի զարգացնեն Հայ առաքելական եկեղեցու որակը, քանակը, մտածելակերպը»: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:




Լրահոս