15-ամյա աղջկա ինքնասպանությունը կապում է ավագ դպրոցի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկացրել էինք, որ Նորագավիթի շրջանում 15-ամյա Հայկուշ Մովսիսյանին հարազատները հայտնաբերել են բաղնիքում կախված վիճակում:

Armlur.am-ի հետ զրույցում Հայկուշի դասղեկը` Նարինե Շիրինյանը, հայտնեց, որ Մովսիսյանը հանգիստ և բարի երեխա էր: Դեպքը ուսուցիչը կապում է ավագ դպրոցի առկայության հետ:

«Այս ամենը ավագ դպրոցի խերն էր: Էրեխեքին հանում են իրենց դպրոցից, տանում են քաղաքի տարբեր դպրոցներ` ծնողների ուշադրությունից կտրում, ինչի հետևանքով էլ տղաներն իրենց խնդիրներն են ունենում, աղջիկներն` իրենց: Եվ ընդհանրապես, պետք չէ երեխայի մահն այդքան շահարկել»,- իր վրդովմունքը հայտնեց Շիրինյանը` դժգոհելով նաև, որ շատ լրատվամիջոցներ, սենսացիայի հետևից ընկնելով, պախարակում են հանգուցյալի անունը:

Նշենք նաև, որ Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ երեխայի ծնողներն ամուսնալուծված են եղել, ինքն ապրում էր մոր հետ, իսկ հայրը կալանավորված է:

Երեխայի հարազատները հրաժարվեցին խոսել և իրենց վերաբերմունքը հայտնել դեպքի առթիվ: Նրանք միայն նշեցին, որ իրենց վիշտը մեծ է և անբուժելի, և իրենք ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել Հայկուշի քայլը:

Ոստիկանության լրատվության բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ ինքնասպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Այդուհանդերձ, կորուստն անդառնալի է, և ցանկացած մեկնաբանություն կարող է առավել մեծ ցավ պատճառել հանգուցյալի հարազատներին:

Տաթև Հարությունյան




Լրահոս