Armenian text to speach

Տարածաշրջանային պառակտումները բացում են ճանապարհ արտաքին միջամտության համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջև պառակտումները հնարավորություն են ստեղծում արտաքին ուժերի համար միջամտելու տարածաշրջանային հարցերին, ուստի Թեհրանի վերջին դիվանագիտական նախաձեռնությունները միտված են կայունության և համագործակցության ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցերը Հայաստան և Բելառուս մաս են կազմում թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարությունների վարած «բարի հարևանություն» հետևողական քաղաքականությանը։

Բաղային հատուկ շեշտել է, որ թեև Հայաստանն Իրանի հետ ունի ամենակարճ սահմանը, այն մշտապես եղել է անվտանգ ու կայուն, ինչը ռազմավարական նշանակություն ունի Թեհրանի համար։ Երևանի բանակցությունների ընթացքում ստորագրվել է առնվազն 10 համագործակցության համաձայնագիր հետևյալ ոլորտներում՝գյուղատնտեսություն, առևտուր, մշակույթ, կրթություն, տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, տրանսպորտ ևէներգետիկա:

Կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի վերջին զարգացումներին։ Բաղայիի խոսքով՝ Թեհրանը հետևողականորեն աջակցում է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին և կողմ է արագ համաձայնության հասնելուն՝ երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։

Անդրադառնալով Փեզեշքիանի երկրորդ կանգառին՝ Բելառուսին, Բաղային նշել է, որ Իրանի և Բելառուսի հարաբերությունները նախկին խորհրդային հանրապետության անկախացումից ի վեր պահպանել են կայուն և ընդլայնվող դինամիկա։ Կա արդյունավետ համագործակցություն տեխնոլոգիաների, տնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև համընկնող դիրքորոշումներ միջազգային իրավունքի խախտումների դեմ։ Երկու երկրները կառուցողական համագործակցում են Չմիավորված երկրների շարժման շրջանակում, իսկ ընթացիկ այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք նշանակալի նոր համաձայնագրեր։

Բաղային զգուշացրել է, որ տարածաշրջանային տարաձայնությունները, ինչպես ցույց են տալիս Սիրիայի և այլ ճգնաժամերի օրինակները, բացում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի համագործակցությունը վկայում է արդյունավետ մերձեցման մոդելի մասին, որը միտված է սահմանային անվտանգության ապահովմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Խոսնակը հավելել է, որ կառավարության վերջին դիվանագիտական քայլերը առնչվում են ազգային շահերի պաշտպանությանն ու Իրանի ակտիվ դերի ապահովմանը տարածաշրջանում:

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս