Հիշեցում Յարոշին՝ ուկրաինացի օդաչուն ռմբակոծում էր Ստեփանակերտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշը ադրբեջանական կայքերից  մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք Հայաստանի  դիրքորոշումը բռնագրավման հետ կապված չենք մոռանա:

Իսկ Յարոշը չի՞ հիշում, որ ուկրաինական վարձկանները 1991-1993-ին  Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել են ադրբեջանական բանակում ընդդեմ Հայաստանի:

Այդ են վկայում  պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ու «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի   armlur.am-ին հայտնած տեղեկությունները:

Շիրխանյանը Յարոշին հիշեցնում է` Հայաստանի դեմ մարտնչում էին ոչ միայն ուկրաինացի վարձկաններ, այլև իգական սեռի դիպուկահարներ:

«Այնպես որ ոչ թե նրանք չպետք է մոռանան, այլ մենք չպետք է մոռանանք նրանց արածը»,- հիշեցնում է նախկին փոխնախարարը:

Վահան Շիրխանյանը նաև մանրամասնում է` ուկրաինացի վարձկանները մարտնչել են Հայաստանի դեմ  և մինչև 1994-ին կնքված զինդադադարը և դրանից հետո. «Այդ կին դիպուկահարներին անգամ դրանից հետո էինք տեսնում ադրբեջանական բանակում»:

Ուկրաինան ոչ միայն աջակցել է Ադրբեջանին վարձկաններ ուղարկելով, այլև զենք-զինամթերք է տրամադրել, որի համար պետք է մեղադրել Ուկրաինայի այն ժամանակվա իշխանություններին. «Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական բանակում կռվող ուկրաինացի վարձկաններից մի քանիսը գերի են ընկել»,- ասաց  մեր զրուցակիցը` հավելելով, որ հիմնականում փող աշխատելու մոլուցքն էր վարձկաններին բերել Ադրբեջան, որի մասին ի դեպ, տեղյալ են եղել  Ուկրաինայի իշխանությունները:

Իսկ «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանն էլ հիշում է 1992-ին գարնանը մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակում մարտնչում են ուկրաինացի վարձկաններ:

Կարմրավան գյուղի ազատագրման ժամանակ Ադրբեջանը մեծ զոհեր ունեցավ` մոտ 120 հոգի, որոնց թվում կային նաև ուկրաինացիներ: Ուկրաինացի վարձկանների զոհերի թիվը մեծ է եղել հատկապես Լաչինի կենաց- մահու կռվի ժամանակ:

«Ուկրաինացի քաղաքացիներից մեկը պատերազմի ժամանակ նույնիսկ գերի էր ընկել և պահվում էր Հայաստանի ԱԱԾ-ում: Կարող եմ ասել միայն, որ սլավոնների 80 տոկոսը ուկրանիացիներն էին, որոնք ներգրավված էին անգամ Ադրբեջանի ավիացիայի համակարգում»,- մանրամասնեց ազատամարտիկը` հավելելով, որ կային ցուցակներ, որոնք փաստում էին ուկրաինացիների մասնակցության մասին արցախյան ազատամարտում:

Սակայն սա դեռ ամենը չէ: Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը ռմբակոծում էր ուկրաինացի օդաչուն:

«Այնպես որ, մենք ի տարբերություն Ադրբեջանի, հաղթել ենք մեր բազկի ուժով ու մեր հնարավորություններով, որի մասին թող Յարոշը հիշի և չդատապարտի հայ ժողովրդին, քանզի մենք մեր կամքով ենք ճանաչել Ղրիմի հանրաքվեն, իսկ ուկրանիացի ժողովուրդը ոչ մի անգամ հայ ժողովրդի համար փամփուշտ չի կրակել»,- եզրափակեց ազատամարտիկը:

Սոնա Դավթյան




Լրահոս