2014 թվականի ապրիլի 19-ին 65-ամյա հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը:
Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:
Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:
1990 թվականին դարձել է տնտեսագիտության թեկնածու: Հրանտ Վարդանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում 1999 թվականին պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» ոսկե մեդալով, 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում:
1997 թվականին հիմնադրելով «Գրանդ Տոբակո» ընկերությունը, Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին և զարգացմանը:
Այնուհետև ստեղծելով «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները, զարկ տվեց Հայաստանում մոռացության մատնված ծխախոտագործությանը:
2000 թվականին հիմնադրեց «Գրանդ Քենդի» ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը:
Հրանտ Վարդանյանը միշտ առանձնապես կարևորել է աշխատանքն ու աշխատող մարդուն: Դրա վկայությունն է նաև մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրվա վերածնունդը մեր երկրում, որը հնարավոր դարձավ միայն Հրանտ Վարդանյանի շնորհիվ:
Ավելի քան 7000 աշխատատեղ արտադրության և 25 հազարը գյուղատնտեսության մեջ: Տարիներ շարունակ առաջիններից մեկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, իսկ որպես հայրենական արտադրող՝ առաջինը՝ ոչ միայն վճարված հարկերի, այլև արտահանման ծավալներով: Այսպիսին է նրա ժառանգությունը:
Հրանտ Վարդանյանի ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս:
Այսօր «ԳրանդՀոլդինգի» արտադրանքն արտահանվում է աշխարհի 22 երկիր, իսկ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել:
Հայտնի գործարարի գործունեության մյուս կարևորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Նրա իրականացրած բարեգործական ծրագրերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել: Հրանտ Վարդանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի, հինգ թոռնիկ: