Վերջին օրերին Armlur.am-ը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ չնայած կրթական տարվա մեկնարկին դպրոցներում, տարբեր դասարաններում գրքեր չկան։
Առաջին դասարանցիներից շատերը այբբենարան չունեն, այնինչ նախարար Անդրեասյանը օգոստոսի 27-ի իր ասուլիսում վստահեցնում էր, որ գրքերը բավարար քանակի են։ Նա հպարտանում էր, թե կա 2 տիպի այբբենարանի գիրք, ուսուցիչները կարող են ընտրել՝ որով դասը սովորեցնեն, սակայն դասագիրք չկա, որ նրանք դաս անցկացնեն։
Սա դեռ 1-ին դասարանցիների տհաճ անակնկալն է, մյուս դասարանների աշակերտները եւս անմնասն չեն մնացել այս անակնկալից։
2-րդ դասարաններում բացակայում է ռուսաց լեզվի գիրքը։ ArmLur.am-ին ահազանգած ծնողները փոխանցում են, որ դպրոցից դասագրքերի համար հորդորել են սպասել: Կլինի` կտան:
Չեն լինի նաեւ 11-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։ Ստացվում է, որ նախարարը, որը սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն:
Օգոստոսին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխնախարար Արաքսիա Սվաճյանը հայտնել էր, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է, եւ ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի եւ կբաշխվի մինչեւ օգոստոսի 25-ը։ Բայց ուսումնական տարին մեկնարկեց, իսկ պաշտոնյաների խոսքը ուղղակի մնաց օդում կախված:
Միեւնույն ժամանակ որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռեւս բացակայում են։ Դրանք են՝
Քիմիա – 10-րդ եւ 11-րդ դասարաններ,
Կենսաբանություն – 10-րդ եւ 11-րդ դասարաններ,
Հանրահաշիվ – 11-րդ դասարան,
Ռուսերեն – 11-րդ դասարան,
ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն) – 9-րդ եւ 11-րդ դասարաններ,
Ֆրանսերեն – 5-11-րդ դասարաններ:
Ստացվում է՝ այս տարի եւս նախարար Ժաննա Անդրեասյանը ձախողեց իր ղեկավարած ոլորտը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ























