Քաղաքացի Արևիկ Գևորգյանը բաց նամակով բարձրաձայնում է իր հոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի խնդիրը՝ հայցելով իրավապահ մարմինների ուշադրությունն ու հետևողականությունը գործի վերաբերյալ։
Նամակը՝ ստորև․
«Ահազանգ՝ Փետրվարի 2–ից նախատեսվող ք․ մեր բնակարանի հափշտակումը և մեր ընտանիքի հանդեպ իրականացվող հանցագործությունները կանխարգելելու պահանջով՝ հղված ՀՀ իշխանություններին։
Չնայած ՛՛Ժողովուրդ՛՛ թերթում և թերթի հարթակներում իրականացրած մեր բազմաթիվ ահազանգերին, որոնցից վերջինը դեկտեմբերի 26-ին էր՝ ներկայացնելով ՛՛Հայբիզնեսբանկի՛՛, ներկայումս ՛՛ԱՄԻՕ բանկի՛՛ և գոյություն չունեցող ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի տնօրեն Անահիտ Սիմոնյանի կողմից 2010թ․ նոյեմբերի 12–ին կամայականորեն, առանց մեր ընտանիքի անդամների իմացության և լիազորությունների ք․ Երևան, Ավան, Դուրյան թաղամասում գտնվող մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանի խարդախ, ապօրինի գրավադրման, տասնհինգ տարիների ընթացքում ապօրինի շահագործման և ապօրինի սեփականաշնորհման ու բռնազավթման վերաբերյալ և դրա հետևանքով մեր ընտանիքի հանդեպ իրականացվող բռնի ունեզրկման, իրավազրկման և բնաջնջման հանցավոր իրավիճակը, այնուամենայնիվ, սույն թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի գլխավոր խորհրդատու Գագիկ Հովհաննիսյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ բաժնի պետ Արդարադատության փոխգնդապետ Վարդան Մելիքբեկյանի կողմից մեր բնակարանի օրինական համասեփականատերերից միայն Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանի անունով ստացվել են ապօրինի նամակներ։
Փետրվարի 2-ից վերոնշյալ անձինք պատրաստվում են բռնի ուժի կիրառմամբ ապօրինաբար «վտարել» մեր օրինական համասեփականություն հանդիսացող բնակարանից բնակարանի օրինական համասեփականատերից մեկին՝ հայրիկիս՝ Շահեն Գևորգյանին, անհայտ ուղղությամբ տարհանել մեր անձնական իրերը, հետախուզել և հափշտակել ոչ գույքային ունեցվածքը, իսկ շարունակաբար ծայրաստիճան խտրականության ենթարկվող մայրիկիս, ով հանդիսանում է բնակարանի հավասարազոր օրինական համասեփականտերը, ինչպես նաև օրինական օգտատերերիս և ժառանգներիս գոյության փաստերը պարզապես բռնի կերպով վերացրել են։
Ոչ ոք իրավունք չունի խախտելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորած մեր բնակարանի անձեռնմխելիությունը, չներկայացնելով օրինական դատական որոշում, ըստ որի խուզարկման և այլ գործողությունների առարկան պետք է հանդիսանա օրենքի ուժով մեր ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ք․ Երևան, Ավան, Դուրյան թաղամասում գտնվող բնակարանը։
Գոյություն չունի սնանկության դատարանի իրավասությանը վերաբերվող որևէ հարց կամ վարույթ, որում ներգրավված կլիներ մեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, գոյություն չունի մեզ վերաբերվող կատարելու ենթակա կամավոր չկատարած որևէ դատական ակտ, վճիռ կամ որոշում, և մեր բնակարանի հափշտակության նպատակով ոմն Անդրանիկ Ելինյանի կողմից կամայականորեն կազմակերպած ապօրինի գործողությունները կրում են բացահայտ հանցավոր բնույթ։
ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչները 2023թ․–ից առ այսօր ղեկավարվում են գոյություն չունեցող ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի սնանկության գործով ոչ լեգիտիմ կառավարչի պաշտոնով ներկայացող Անդրանիկ Ելինյանի կողմից, ում վերոնշյալ ՍՊԸ–ի սնանկության գործով ժամանակավոր կառավարչի լիազորությունները սպառվել էին դեռ 2015թ․–ին թիվ ԵԱՆԴ0046/04/15 գործի շրջանակներում, որի մասնակիցներ մեր ընտանիքի անդամները չեն հանդիսացել և հիմնվում են վաղեմության ժամկետը նախկին տասնամյակում սպառված, մեր ընտանիքի անդամներին ոչ մի կերպով չվերաբերվող, անհայտ ճանապարհով ձեռք բերված ապօրինի կեղծ թիվ ԵԱՆԴ0046/04/15 կատարողական թերթի վրա, որի այլ՝ 2023թ․–ին ձեռք բերված օրինակի հիման վրա Անդրանիկ Ելինյանը, ներգրավելով ապօրինի իր գործողություններին ք․ Երևան Ավան Նոր–Նորք և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ԴԱՀԿ ծառայության բաժնի ներկայացուցիչներին, 2023-2025թթ․ արդեն իսկ իրականացրել է մեր ընտանիքի անդամների և մեր բնակարանի նկատմամբ մի շարք հանցագործություններ, այն է՝ հարուցվել են ապօրինի կեղծ կատարողական վարույթներ և հետապնդում հայրիկիս հանդեպ, հայրիկիս հասցրել են ինսուլտի, վերացրել են մայրիկիս գոյության և իրավունքների փաստերը, Անդրանիկ Ելինյանի գլխավորությամբ մի խումբ անձինք մեր բացակայության ժամաակ ջարդել են և փոխել են մեր բնակարանի դռան կողպեքը և նկարահանումներ են իրականցրել մեր բնակարանում, դիպչելով մեր անձնական իրերին, ապօրինաբար գնահատել և գույքագրել են մեր բնակարանը, կազմակերպել են կեղծ աճուրդներ՝ ներկայացելով մեր բնակարանը որպես ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող գույք և այլ կեղծ կարգավիճակներով, որոնց արդյունքում ՛՛ԱՄԻՕ՛՛ բանկը, ինքն իրենից ապօրինի կեղծ կարգավիճակով իբր ձեռք բերելով մեր բնակարանը, ապօրինաբար հայտարարել է իրեն մեր բնակարանի սեփականատեր, հիմնովին բնաջնջելով մեր ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները և գոյության փաստերը և դաժանագույն բռնաճնշումներով, անօրեն հիմքով և անօրեն գործողություններով ներկայումս պատրաստվում է բռնի ուժի կիրառմամբ հայրիկիս «վտարել», իսկ մեր անձնական իրերը դուրս շպրտել մեր բնակարանից։ ։
Մեր ընտանիքի բոլոր անդամների անունից նախ պահանջում ենք անհապաղ հանել Գագիկ Հովհաննիսյանի կողմից բռնի ուժով հայրիկիս՝ ՀՀ Վաստակավոր արտիստ Շահեն Գևորգյանին պարտադրվող ապօրինի կեղծ թիվ ԵԱՆԴ0046/04/15 կատարողական թերթի հիման վրա մեր բնակարանի վրա դրված ապօրինի կեղծ արգելանքը, որով քողարկվում է և կեղծվում է օրենքի ուժով հայրիկիս և մայրիկիս ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող մեր ընտանիքին պատկանող բնակարանի իրական օրինական իրավական կարգավիճակը և իրականացվում է հերթական հանցանքը։
Եվ հարկ է նշել, որ Անդրանիկ Ելինյանի կողմից անհայտ կերպով ձեռք բերված թիվ ԵԱՆԴ0046/04/15 ապօրինի կեղծ կատարողական թերթի մեկ այլ օրինակի հիման վրա մեր բնակարանը արդեն իսկ ապօրինաբար պահվում էր ապօրինի արգելանքի տակ 2023-2025թթ․։
Իսկ 2012-2023թթ. ՀՀ արդարադատության համակարգի ներկայացուցիչների ջանքերով մեր բնակարանը պահվում էր ապօրինի կեղծ արգելանքների տակ որպես ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ին և միաժամանակ իրավաբանական անձի ապօրինի կեղծ կարգավիճակով ներկայացրած Գյուլնարա Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ապօրինի կեղծ կարգավիճակներով։ Այդ կեղծիքների հիմքերը հանդիսացել են դատավորներ Է․ Ամալյանի և Ն․ Մարգարյանի կողմից տրված կատարողական թերթերը, որոնց կատարողը հանդիսացել է Ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանը ։
Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք պարտադրել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ Գագիկ Հովհաննիսյանին և Վարդան Մելիքբեկյանին այցելել իրենց ապօրինի գրություններում նշված ք․ Երևան, Նոր Նորք, Նոր Նորքի Ուս․Ավան 4Մ և ՀՀ, Համայնք Երևան, Նոր Նորք, Ավան, Շենք 4, 316ս հասցեներով, փնտրել այդ հասցեներում մեզ ոչ մի կերպով չվերաբերվող ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ն և դրա տնօրեն ու միակ բաժնետեր Անահիտ Սիմոնյանին և իր հետ, իրեն պատկանող գույքի հաշվին լուծել իր ՍՊԸ–ին վերաբերվող բոլոր գույքային և գումարային հարցերը։
Ք․ Երևան Նոր–Նորքի 2–րդ զանգվածի 4–րդ մասնաշենքի հասցեն, որով ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ն ներկայացված էր ԴԱՀԿ ծառայության Ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի Որոշումում և որի հիման վրա կեղծվել են Էրեբունու նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի վավերացմամբ պայմանագրերում, թիվ ԵԱՆԴ0046/04/15 գործով դատավոր Ա․ Բաբայանի վճռում և ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչներ Գագիկ Հովհաննիսյանի և Վարդան Մելիքբեկյանի գրություններում ՛՛Անահիտ Սիմոնյան՛՛ ՍՊԸ–ի իբր հասցե արձանագրվող կեղծիքները, վաղուց վերաանվանվել և դեռ նախկին տասնամյակում դարձվել է Վախթանգովի փողոց։
Տարբեր միջոցներով կեղծվող վերոնշյալ հասցեն ևս կեղծիք է՝ իրականում դա ֆիզիկական անձ Անահիտ Սիմոնյանին նախկինում պատկանող հանրակացարանային սենյակի հասցեն էր, որը ինքը վաճառել էր դեռ 2009թ․ մարտ ամսին՝ նախքան ՛՛Հայբիզնեսբանկ՛՛ ՓԲԸ–ի հետ պայմանագրերը կնքելը։
2010թ․ նոյեմբերի 12–ին Անահիտ Ղազարյանի վավերացմամբ թիվ G10-18394 Գույքի կոշտ գրավի պայմանագրի համաձայն՝ այդ օրը այդ հասցեում գտնվում էին անշարժ գույքի կեղծ որակավորում ստացած 29 անուն շարժական գույքեր և իբր ծավալվում էր զարգացման կարիքը ունեցող բիզնեսը։
Անահիտ Սիմոնյանի ստորագրությամբ թիվ G10-18394 Կոշտ գրավի պայմանագրում նոտար Անահիտ Ղազարյանը արձանագրել է, որ անշարժ գույքի նկատմամբ գրավատուների իրավունքները ստուգված են և օրենքի համաձայն՝ գրավադրված անշարժ գույքը ենթակա է գրանցման Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմունքում։
Վերստին ահազանգում ենք, որ բացահայտ հանցավոր, հակասահմանադրական ճանապարհով մեզանից հափշտակվող ք․ Երևան, Ավան, Դուրյան թաղամասում գտնվող մեր օրինական համասեփականություն հադիսացող բնակարանը իր իրական օրինական իրավական կարգավիճակով և օրինական հիմքով ենթակա չէ վաճառքի կամ սեփականաշնորհման։
Հաշվի առնելով, որ բացի Շահեն Գևորգյանից մեր բնակարանը ունի նաև երկրորդ իրավահավասար համասեփականատեր՝ մայրիկս, և օրինական օգտատերեր և ժառանգներ, ապա առանց մեր լիազորությունների որևէ անձ իրավունք չունի ներխուժել մեր բնակարան և պահանջում ենք անհապաղ դադարեցնել հանցավոր գործողությունները մեր ընտանիքի և մեր բնակարանի նկատմամբ։
Կեղծ կամ ոչ լեգիտիմ կատարողական թերթի օգտագործումը, դրա հիման վրա բռնի ուժի կիրառումը, ներխուժումը կամ ուրիշին սեփականության օրինական հիմքով պատկանող գույքի բռնագանձումը հանդիսանում են քրեական հանցագործություններ։
Բացարձակ անօրինություն է, որ «Անահիտ Սիմոնյան» ՍՊԸ-ի հետ կապված ենթադրյալ գույքային հարցերը փորձ է արվում լուծել ոչ թե օրենքով սահմանված կարգով Անահիտ Սիմոնյանին և իր ՍՊԸ–ին պատկանող գույքերի հաշվին, այլ մեր ընտանիքի բնակարանում ապօրինաբար իրականացվող կամայական խուզարկությունների և մեր օրինական ունեցվածքի ապօրինի տնօրինման միջոցով։
Մեր բնակարանին վերաբերվող և մեր բնակարանը բռնազավթած խմբավորման կողմից շրջանառվող ամբողջ «թղթաբանությունը» հանդիսանում է կեղծիք, իրավական ուժ չունեցող շինծու թղթերի հավաքածու, սպառնալիքների տեսքով հայրիկիս՝ Շ. Գևորգյանի Viber–ին ուղարկած կամ մեր բնակարանի դռանը կպցրած ապօրինի գրություններ, որոնցում որպես ճնշման միջոց հիմնականում հնչեցվում էր ՛՛հարկադիր կատարողներին՛՛ դիմելու արտահայտությունը, եթե հայրիկս կամավոր չհանձներ մեր բնակարանը, ինչի հիման վրա այսօր իրականացվում է Օրենքի, Սահմանադրության և Մարդու իրավունքների բացահայտ ոտնահարմամբ, պաշտոնական լիազորությունների ծայրաստիճան չարաշահմամբ հանցավոր ինքնիրավչություն։
Հայցում ենք իրավապահ մարմինների պաշտպանությունը և հորդորում ենք մեր հայրենակիցներին չմատնվել և թույլ չտալ խարդախությանների իրականացմանը»,- գրված է քաղաքացու բաց նամակում։

Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























