ԶԼՄ-ներին վերաբերող վիճահարույց օրինագծի քննարկումը կհետաձգվի 1 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց առաջարկել խորհրդարանին հետաձգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը 5-րդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը մինչև 1 տարով:

Հարցը քվեարկության կդրվի ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստում:

Հիշեցնենք, որ օրինագիծը պայմանականորեն ստացել էր «ֆեյքերի դեմ պայքարի» մասին օրինագիծ, բուռն քննադատության էր արժանացել ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Նախագծով սահմանվում է, որ տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:

Ըստ օրինագծի՝ լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:

Առաջարկվում է նաև, որ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:

Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:




Լրահոս