Գալուստ Սահակյանը` իր գծատեր լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահի  պաշտոնում թեկնածուների գրանցումից  հետո հերթով թեկնածուները  ելույթով հանդես  եկան:  Խոսքով առաջինը հանդես եկավ Գալուստ Սահակյանը, ով  հայտարարեց` ընտրվելու դեպքում  ԱԺ-ում ամրագրված դրական ավանդույթները կպահպանի:   Սահակյանը նաև հայտարարեց, որ հանձնաժողովների աշխատանքները  բարձրացնելու է,  քանի որ  օրենսդիր աշխատանքը տեսնում է այնտեղ:

Ելույթից հետո  Գալուստ Սահակյանին  հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը: Վերջինս ասաց, որ պատգամավորն  իրավունք չունի բիզնեսով զբաղվելու, բայց շրջանառվող լուրերի համաձայն Գ. Սահակյանը ևս զբաղվում է բիզնեսով. նա գծատեր է: Արդյոք այս ամենի մասին Սահակյանը չի ցանկանում պարզաբանում ներկայացնել հանրությանը:

ԱԺ նախագահի թեկնածուն ասաց, որ օրենքն արգելում է պատգամավորին զբաղվել բիզնեսով, բայց օրենքը թույլ է տալիս լինել բաժնետեր:   Ինչ վերաբերում է իր գծատեր լինելուն, Սահակյանն ասաց, որ ինքն ունի ընդամենը մեկ `քաղաքական գիծ: «Ես բիզնեսով չեմ զբաղվում, քանի որ դրանից ոչինչ չեմ հասկանում»,-ասաց Սահակյանը:

«Իսկ փորձել եք օգտագործել ձեր քաղաքական դիրքը բաժնետեր լինելու համար»- հարցրեց Լևոն Զուրաբյանը

«Ոչ, չեմ փորձել, տա աստված, որ  դուք էլ,ես էլ, մեր ամբողջ ժողովուրդն էլ լինի բաժնետեր»,- պատասխանեց  Սահակյանը`հավելելով, որ ինքը կփորձի պարզել` ով է այն պատգամավորը, որը բիզնեսով է զբաղվում, և ունի մանդատ:

Սոնա Դավթյան




Լրահոս