ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի հաշվետվությունը, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի, ոչ պատշաճ պայմանների և քրեական ենթամշակույթի ազդեցության խնդիրները շարունակում են մնալ լուրջ մտահոգության առարկա։ Հաշվետվության 5.15-րդ բաժնում արձանագրվում է, որ ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի հարցը միայն առանձին դեպքերի խնդիր չէ, այլ համակարգային բնույթ ունի։
ՄԻՊ-ը նշում է, որ ազատությունից զրկված անձանցից ստացվող բողոքները վերաբերում են թե՛ վարչակազմի գործողություններին, թե՛ այլ ազատազրկվածների կողմից ճնշումներին ու ոչ ֆորմալ հարաբերություններին։ Հաշվետվությունում առանձնացվում է, որ քրեական ենթամշակույթի ազդեցությունը շարունակում է պահպանվել քրեակատարողական միջավայրում, իսկ դրա հետևանքները դրսևորվում են ինչպես կենցաղային հարաբերություններում, այնպես էլ անվտանգության ու մարդու արժանապատվության պաշտպանության հարցերում։
Փաստաթղթում ուղիղ նշվում է, որ «քրեական ենթամշակույթի ազդեցությունը պահպանվում է», իսկ դրա դեմ պայքարը դեռևս ամբողջությամբ արդյունավետ չէ։ Միաժամանակ ընդգծվում է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն ֆորմալ իրավակարգավորումներին, այլ նաև հիմնարկների ներսում ձևավորված փաստացի հարաբերություններին։
ՄԻՊ-ը արձանագրել է նաև վատ վերաբերմունքի մասին տեղեկությունների ստացման և դրանց պատշաճ քննության հարցում թերություններ։ Հաշվետվությունում նշվում է, որ առկա են դեպքեր, երբ անձինք վախի, անվստահության կամ հնարավոր հետևանքների մտավախության պատճառով չեն բարձրաձայնում խնդիրները։ Այդ համատեքստում ուշագրավ է ՄԻՊ-ի արձանագրումը, որ «ազատությունից զրկված անձինք կարող են խուսափել բողոք ներկայացնելուց»։
Առանձին անդրադարձ կա նաև նյութական և կենցաղային պայմաններին։ Ըստ հաշվետվության՝ որոշ հիմնարկներում խցային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, օդափոխությունը, լուսավորությունը և ջերմային ռեժիմը շարունակում են խնդիրներ առաջացնել։ ՄԻՊ-ն արձանագրում է, որ նման պայմանները կարող են ոչ միայն վատթարացնել պահման ընդհանուր իրավիճակը, այլև նպաստել լարվածության աճին ու ոչ ֆորմալ ճնշումների խորացմանը։
Հաշվետվությունում առանձնահատուկ տեղ է տրված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին։ ՄԻՊ-ը նշում է, որ այնտեղ խնդիրները բազմաշերտ են՝ սկսած խցային պայմաններից մինչև միջանձնային հարաբերությունների և ենթամշակութային ազդեցությունների դրսևորումներ։ Զեկույցում նաև նշվում է, որ որոշ դեպքերում ազատությունից զրկված անձինք փորձել են հարմարվել այդ միջավայրին՝ հրաժարվելով բողոքարկման մեխանիզմներից կամ չվստահելով դրանց արդյունավետությանը։
Բացի այդ, հաշվետվության մեջ մատնանշվում է, որ ենթամշակույթի դեմ պայքարի միջոցառումները չեն կարող սահմանափակվել միայն վերահսկողական քայլերով։ ՄԻՊ-ը շեշտում է, որ անհրաժեշտ են նաև կանխարգելիչ, սոցիալ-հոգեբանական և վերասոցիալականացման գործիքներ։ Այդ համատեքստում փաստաթուղթը կարևորում է անձնակազմի դերակատարումը, խոցելի խմբերի առանձնացված պաշտպանությունը և ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ երաշխավորումը։
Հաշվետվության այդ մասի եզրահանգումն այն է, որ քրեակատարողական համակարգում վատ վերաբերմունքի և քրեական ենթամշակույթի ռիսկերը շարունակում են մնալ բարձր, իսկ առկա մեխանիզմները դեռևս լիարժեք չեն լուծում խնդիրը։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ համակարգում անհրաժեշտ են ոչ թե հատվածական, այլ խորքային փոփոխություններ՝ մարդու արժանապատվության, անվտանգության և իրական վերասոցիալականացման ապահովման համար։





























