Սեպտեմբերի 1-ից Apple-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա Ջոն Թեռնուսը: Թիմ Քուկը, որն ընկերությունը գլխավորել է 2011 թվականին՝ Սթիվ Ջոբսի պաշտոնաթողությունից հետո, կզբաղեցնի Apple-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 50-ամյա Թեռնուսն Apple-ում աշխատում է 2001 թվականից և ներկայում զբաղեցնում է ընկերության՝ սարքավորումների մշակման գծով փոխնախագահի պաշտոնը։
Իր հերթին, Reuters-ը գրում է, որ նա կարևոր դեր է խաղացել Mac համակարգիչների վաճառքի վերականգնման գործում, որոնք վերջին տարիներին մեծացրել են իրենց շուկայական մասնաբաժինը։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Թեռնուսը համարվում է Քուկի ենթադրյալ իրավահաջորդը։
65-ամյա Քուկն Apple-ը ղեկավարել է վերջին 15 տարվա ընթացքում և թողարկել այնպիսի արտադրանք, ինչպիսիք են Apple Watch-ը, AirPod-ը և Apple Vision Pro-ն, ինչպես նաև iCloud, Apple Pay, Apple TV և Apple Music ծառայությունները։
Այս ժամանակաշրջանում ընկերության բաժնետոմսերը 20 անգամ թանկացել են, նշում է Bloomberg-ը։
Apple-ի հայտարարությունից նաև հետևում է, որ Քուկը կշարունակի ղեկավարել պետության հետ ընկերության կապերը։ Մասնավորապես, նա արդեն պատասխանատու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Apple-ի փոխգործակցության համար։
























































































