Armenian text to speach

Պուտինը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ ուղերձ և ՌԴ դեսպանի հարգանքի տուրքը Ծիծեռնակաբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասված է․
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի առջև։ Դաժան հաշվեհարդար է իրականացվել անպաշտպան, ոչ մի բանում մեղավոր մարդկանց նկատմամբ․ նրանք սպանվել են, վիրավորվել, վտարվել իրենց քաղաքներից ու բնակավայրերից։ Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի կարող են հանգեցնել կրոնական թշնամանքի, ազգայնականության և քսենոֆոբիայի բորբոքումը։
Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որտեղ դատապարտվում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն նոր պատմական փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։
Վստահ ենք, որ մարդկանց ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող որևէ արդարացում ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։
Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են հավատարմություն ավանդույթներին, իմաստություն և քաջություն։ Համոզված եմ, որ հետագայում ևս Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունը, բազմադարյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։
Ցանկանում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք բարեկամ հայ ժողովրդին»։

Միևնույն ժամանակ, ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ. Գորյաինովը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է հայտարարություն «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։




Լրահոս