Armenian text to speach

Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայի տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայի տարածքների նկատմամբ՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի Ուկրաինայի դեմ պատերազմը հնարավորինս արագ ավարտելուն։

«Truth Social» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ զրույցների ընթացքում զգալի ժամանակ է հատկացրել այդ հարցին։

«Ես կցանկանայի տեսնել, որ նախագահ Պուտինը դադարեցնի ռազմական ագրեսիան Եվրոպայի ողջ տարածքում՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի արագ համաձայնության հասնել»,– գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ինքը կարծում է, որ նման համաձայնության հասնելու հնարավորությունը մեծ է։ Նա նաև ընդգծել է, որ ամեն ամիս հազարավոր մարդիկ են զոհվում, և պատերազմը որակել է որպես «իսկական արյունահեղություն»։

Միաժամանակ Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ գործողություններ է պահանջել դադարեցնել Պուտինից։ Reuters-ը նկատում է, որ «Եվրոպայի ողջ տարածքում» ձևակերպումը կարող է վերաբերել ոչ միայն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, այլև Եվրոպայի այլ տարածքներին։

Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, Թրամփը կրկին հայտարարել է, որ կարծում է՝ Պուտինը ցանկանում է համաձայնության գալ։ Նրա խոսքով՝ բանակցությունների գլխավոր խոչընդոտներից մեկը Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև առկա թշնամանքն է։

«Այդ կարգավորման ամենամեծ խնդիրը երկու առաջնորդների միջև եղած հարաբերություններն են․ նրանք իսկապես ատում են միմյանց»,– ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է դեկտեմբերին Ֆլորիդայում նախատեսված G20-ի գագաթնաժողովին՝ նշելով, որ կցանկանար տեսնել Պուտինի մասնակցությունը։ Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը կցանկանա ներկա գտնվել դեկտեմբերի 14-15-ին կայանալիք հանդիպմանը։

Կրեմլից էլ հայտնել են, որ դեռևս որոշում չկա՝ արդյոք Պուտինը կմասնակցի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը նախորդ շաբաթ հանդիպել էին Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ ԱԽՏՀ առաջնորդների հանդիպման շրջանակում։ Նրանց բանակցությունները ներառել էին Ուկրաինայի պատերազմին և ավելի լայն անվտանգության հարցերին վերաբերող թեմաներ։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս