Armenian text to speach

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկացավ, որ այսօր Ադրբեջանի տարածքով հերթական անգամ Հայաստան է ուղարկվելու տարանցիկ բեռ՝ հացահատիկ և պարարտանյութ։

Ըստ տարածված տեղեկատվության՝ բեռը կմեկնի Բալաջարի կայարանից, որը պատկանում է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, համատեղ հայտարարությամբ հանդես գալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, նշել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին «օկուպացիայի» ժամանակաշրջանից։ Նրա խոսքով՝ այդ գործընթացի առաջին բեռն եղել է Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկը։

Այդուհետ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվել են մի շարք մատակարարումներ։ Մասնավորապես՝

  • 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան է ուղարկել 1220 տոննա ԱԻ-95 բենզին,
  • 2026 թվականի հունվարի 9-ին ուղարկվել է ընդհանուր 2698 տոննա բեռ (48 վագոն), այդ թվում՝ 1742 տոննա ԱԻ-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք,
  • հունվարի 11-ին ուղարկվել է ևս 18 վագոն՝ 979 տոննա ԱԻ-92 բենզինով։

Հետագա ամիսներին մատակարարումները շարունակվել են․

  • փետրվարի 25-ին՝ 4500 տոննա դիզելային վառելիք,
  • մարտի 5-ին՝ 31 վագոն՝ 1984 տոննա դիզելով, ինչպես նաև 2 վագոն՝ 135 տոննա ռուսական պարարտանյութով,
  • մարտի 9-ին՝ 7 վագոն ռուսական հացահատիկ,
  • մարտի 11-ին՝ 11 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 1023 տոննա (մաքուր՝ 770 տոննա)։

Մարտի վերջին նույնպես իրականացվել են մատակարարումներ․

  • մարտի 24-ին՝ 4 վագոն պարարտանյութ (271 տոննա) և 1 վագոն հնդկացորեն (68 տոննա),
  • մարտի 25-ին՝ 5 վագոն ցորեն՝ 350 տոննա։

Ապրիլին ևս շարունակվել են առաքումները․

  • ապրիլի 11-ին՝ 15 վագոն (887 տոննա) դիզելային վառելիք,
  • ապրիլի 14-ին՝ 22 վագոն դիզել,
  • ապրիլի 21-ին՝ 16 վագոն՝ ընդհանուր 974 տոննա դիզելային վառելիք,
  • ապրիլի 24-ին՝ Ռուսաստանից դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհով ուղարկվել է 350 տոննա հացահատիկ։

Այսպիսով, Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցիկ բեռների հոսքը շարունակում է մնալ ակտիվ՝ ներառելով թե՛ վառելիք, թե՛ հացահատիկ և պարարտանյութեր։

Անի Վարդանյան




Լրահոս