Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարել է, որ 2027 թվականի նախագահական ընտրություններից հետո ամբողջությամբ կհեռանա քաղաքականությունից՝ փակելով իր քաղաքական կարիերան Ելիսեյան պալատից դուրս գալուց հետո։ Նրա խոսքով՝ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել մինչև նախագահ ընտրվելը և չի պատրաստվում զբաղվել նաև պաշտոնավարումից հետո։
Մակրոնը, որը ընտրվել է 2017 թվականին և դարձել Ֆրանսիաի ամենաերիտասարդ նախագահը, արդեն իր նախագահման երկրորդ ժամկետն է անցկացնում՝ վերընտրվելով 2022-ին։ Սակայն գործող սահմանադրության համաձայն՝ նա չի կարող առաջադրվել երրորդ անգամ, ինչն էլ պայմանավորում է նրա հեռացումը քաղաքականությունից 2027-ից հետո։
Այս հայտարարությունը որոշակի հակասում է նրա ավելի վաղ հնչեցրած մտքերին, երբ 2025-ին ակնարկում էր, որ կարող է շարունակել քաղաքական դերակատարությունը նաև ապագայում։ Այն ժամանակ դա դիտարկվում էր որպես հնարավոր վերադարձի նախապատրաստություն 2032-ի ընտրություններին, սակայն այժմ Մակրոնը փաստացի բացառում է այդ սցենարը։
Առաջիկա ընտրությունները տեղի կունենան բարդ ներքաղաքական իրավիճակում։ Մակրոնի իրականացրած հիմնական բարեփոխումներից մեկը՝ կենսաթոշակային տարիքի բարձրացումը 62-ից 64, լուրջ հակազդեցություն է առաջացրել հասարակության մեջ։ Բացի այդ, խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը ավելի է խորացրել քաղաքական անկայունությունը երկրում։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում շարունակում են ուժեղանալ ծայրահեղ աջ ուժերը՝ գլխավորությամբ Մարին Լը Պենի, ինչը առաջիկա ընտրությունները դարձնում է առավել անկանխատեսելի։ Քաղաքական դաշտում ակտիվ է նաև ձախ ընդդիմությունը՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, որը փորձում է վերաձևավորել ուժերի հավասարակշռությունը։
Վերլուծաբանների կարծիքով՝ 2027-ի ընտրությունները կարող են դառնալ շրջադարձային ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ եվրոպական քաղաքականության համար, քանի որ երկրի ներսում խորանում են մասնատվածությունն ու սոցիալական դժգոհությունները։ Մակրոնի հեռանալուց հետո քաղաքական դաշտը կմնա բաց նոր առաջնորդների և հնարավոր կտրուկ փոփոխությունների համար։
Անի Վարդանյան





























