Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանեց Երևան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ժաննա Անդրեասյանը, Վահան Կոստանյանը։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:
Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:
Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:





























