Armenian text to speach

59 միլիոն դրամ պարտք, 1556 դրամ՝ հաշվին․ ի՞նչ է հայտարարագրել ՊՆ փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական հայտարարագրերը բավական խոսուն պատկեր են բացում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի ֆինանսական վիճակի մասին։

Բանկային համակարգից պետական բարձր պաշտոնների հասած Սարգսյանը վերջին տարիներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի, վարչապետի խորհրդականի, իսկ այժմ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները։ Սակայն նրա պաշտոնական հայտարարագրերում առավել աչքի է ընկնում ոչ թե գույքային աճը, այլ կտրուկ ծանրացած վարկային բեռը։

2024 թվականի տվյալներով՝ Սարգսյանը հայտարարագրել է միայն 2017 թվականին ձեռք բերված՝ Երևանի բազմաբնակարան շենքում համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել։

Ամենաուշագրավը, սակայն, դրամական միջոցների պատկերն է. բանկային հաշիվներում տարեվերջին եղել է ընդամենը 1,556 դրամ, կանխիկ գումար չի հայտարարագրվել։ Միևնույն ժամանակ հանձնված և վերադարձված փոխառությունների ծավալը կազմել է 54,850,000 դրամ։

Նրա 2024 թվականի եկամուտները կազմել են 18,833,436 դրամ, որից 14,830,774 դրամը աշխատանքի վարձատրություն է պաշտպանության նախարարությունից, իսկ 4,002,662 դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

Բայց ամենածանր թիվը վարկային պարտավորություններն են. ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 59,172,087 դրամ։

Եթե հետ նայենք նախորդ տարիներին, պատկերը դառնում է ավելի կտրուկ։

2023 թվականին Սարգսյանի ընդհանուր եկամուտները կազմել են 67,709,595 դրամ, սակայն բանկային հաշիվների մնացորդը եղել է ընդամենը 35,847 դրամ։ Կանխիկ գումար կրկին չի հայտարարագրվել։ Այդ նույն տարում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հասել է 60,945,081 դրամի, իսկ դրանց մարմանը ուղղված վճարումները կազմել են 14,299,083 դրամ։

2022 թվականին, երբ նա Երևանի քաղաքապետն էր, հայտարարագրել է 6,240,000 դրամ կանխիկ գումար, տարեկան եկամուտները կազմել են 16,168,520 դրամ, իսկ վարկերի մնացորդը՝ 19,606,458 դրամ։

2021 թվականին կանխիկ միջոցները կազմել են 3,600,000 դրամ և 5,500 ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտները՝ 10,777,032 դրամ, իսկ վարկային պարտավորությունները՝ 17,768,790 դրամ։

Այսպիսով, պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս բավական կտրուկ մի միտում․ եթե 2021–2022 թվականներին Սարգսյանի վարկային բեռը տատանվում էր 17–19 միլիոն դրամի սահմաններում, ապա արդեն 2023 թվականին այն թռիչքաձև հասել է մոտ 60 միլիոն դրամի և այդ մակարդակում պահպանվել նաև 2024-ին։

Այլ կերպ ասած՝ պաշտոնյայի պարտքերը մի քանի անգամ աճել են, մինչդեռ հաշվային միջոցները գրեթե զրոյական են մնացել։

59 միլիոն դրամ պարտք և 1,556 դրամ բանկային հաշվին՝ սա է այն ֆինանսական պատկերը, որն այսօր արտացոլված է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնական հայտարարագրում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս