Armenian text to speach

Վիզաների ազատականացում․ ԵՄ-ն արձանագրել է առաջընթաց և ներկայացրել Հայաստանի համար նոր համագործակցության 4 ուղղություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայացած Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է համագործակցության հիմնական գերակայությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով վիզաների ազատականացման գործընթացը։

Նա հայտնել է, որ ԵՄ-ն արդեն ներկայացրել է վիզաների ազատականացման գործողությունների առաջին դրական առաջընթացի զեկույցը՝ ընդգծելով, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել անցած ամիսների ընթացքում։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ կողմերը վստահ են, որ գործընթացը կշարունակվի հաջողությամբ՝ նպաստելով քաղաքացիների ազատ տեղաշարժին և երկկողմ կապերի խորացմանը։

ԵՄ հանձնաժողովի նախագահը նշել է, որ համագործակցությունը զարգանում է չորս հիմնական ուղղություններով՝ փոխկապակցվածություն, էներգետիկա, թվային ոլորտ և անվտանգություն։

Փոխկապակցվածության շրջանակում ստորագրվել է գործընկերության փաստաթուղթ, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես կարևոր տրանսպորտային հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը։

Էներգետիկ ոլորտում նախատեսվում է ներդրումներ կատարել վերականգնվող աղբյուրների և էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ՝ ներառյալ շուրջ 25 միլիոն եվրո ներդրում՝ տարածաշրջանային էլեկտրահաղորդման և կուտակիչ համակարգերի զարգացման համար։

Թվային ոլորտում ԵՄ-ն և Հայաստանը նախատեսում են խորացնել համագործակցությունը արհեստական բանականության և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ՝ խրախուսելով եվրոպական ընկերությունների ներդրումները Հայաստանում։

Անվտանգության բաղադրիչում Ֆոն դեր Լայենը նշել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի զինված ուժերին և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը՝ ընդգծելով ժողովրդավարական լեգիտիմության կարևորությունը։

Վիզաների ազատականացման գործընթացից բացի, կողմերը պայմանավորվել են նաև զարգացնել սահմանների կառավարման համագործակցությունը, այդ թվում՝ FRONTEX-ի հետ նոր աշխատանքային պայմանավորվածությունների միջոցով։

Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն վերահաստատել է Հայաստանի հետ տնտեսական աջակցության և ներդրումների խորացման հանձնառությունը՝ ներառյալ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում նախատեսվող մինչև 2.5 մլրդ եվրոյի ներդրումային ներգրավումը։

Անի Վարդանյան




Լրահոս