Armenian text to speach

Պաշտպանության նախարարից՝ ընտրացուցակի առաջին համար. ի՞նչ ունեցվածքով է ընտրություններին գնում Վաղարշակ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հերթով ներկայացնում են իրենց նախընտարական ցուցակները, իսկ հանրության ուշադրության կենտրոնում արդեն ոչ միայն անուններն են, այլև այդ անունների անցած ճանապարհն ու կուտակած կարողությունը։

ArmLur.am-ը հերթով կներկայցնի, թե ովքե՞ր են արդեն առաջադրված 19 կուսակցությունների և դաշինքների առաջնորդները, ի՞նչ ճանապարհ են անցել:

Եվ այսպես, «Ռեֆորմիստների կուսակցության» ընտրացուցակը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ովքեր ընտրություններին հանդես կգան 1-ին համարի ներքո:

Մենք տեղեկացանք, որ Հարությունյանը ռազմական համակարգի հին գվարդիայի ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին՝ Ախալքալաքում։ Ռազմական կրթություն ստացել է խորհրդային բարձրագույն հաստատություններում՝ ավարտելով Կիրովի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանը, այնուհետև Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան և ավելի ուշ՝ Մոսկվայի Գլխավոր շտաբի ակադեմիան։

1978-ից 1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ Հայաստանի անկախացումից հետո արագորեն հայտնվել է նորաստեղծ հայկական ռազմական կառավարման առանցքային օղակներում։ Նա եղել է ներքին գործերի փոխնախարար, պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, աշխատել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության համակարգում, ապա ներկայացրել Հայաստանը ռազմական համագործակցության կոորդինացման շտաբում։

1999-2000 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Երկու տասնամյակ անց՝ 2020 թվականի քաղաքական ու ռազմական ծանր շրջափուլում, նա կրկին վերադարձավ իշխանական բարձր պաշտոնների՝ նախ որպես վարչապետի գլխավոր խորհրդական, ապա՝ պաշտպանության նախարար։ 2022-2024 թվականներին էլ արդեն Հայաստանի դեսպանն էր Ռուսաստանում։

Այսպիսով, ընտրություններին «Ռեֆորմիստների» ցուցակը գլխավորում է մի գործիչ, որի կենսագրությունը սերտորեն կապված է թե՛ խորհրդային ռազմական համակարգի, թե՛ Հայաստանի պետական անվտանգության կառավարման ամենազգայուն փուլերի հետ։

Սակայն ընտրողին այսօր հետաքրքրում է ոչ միայն պաշտոնական կենսագրությունը, այլև մեկ այլ հարց՝ ի՞նչ ունեցվածքով է նախկին նախարարը գնում ընտրության։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Վաղարշակ Հարությունյանն ունի 2003 թվականին ձեռք բերված բնակարան Երևանում։

Նրա բանկային ավանդները կազմել են շուրջ 2 միլիոն 800 հազար ռուսական ռուբլի և 8 միլիոն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 600 հազար ռուբլի և 400 հազար դրամ։

Բացի այդ, նախկին նախարարը հայտարարագրել է նաև կանխիկ միջոցներ՝ 200 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։

Մինչդեռ ամբողջ 2024 թվականի ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 4 միլիոն 945 հազար 392 դրամ։

Երբ ընտրությունների առաջին համարն է նախկին պաշտպանության նախարարը, հանրային հարցադրումն անխուսափելի է՝ քաղաքական վերադարձի հայտ ներկայացնող թեկնածուի դեպքում ընտրողը պետք է գնահատի ոչ միայն նրա պաշտոնական անցյալը, այլ նաև այն, թե այդ անցյալը ինչ նյութական հետք է թողել նրա անձնական հայտարարագրում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս