Armenian text to speach

Ո՞վ է Լևոն Շիրինյանը. ի՞նչ ունեցվածք ունի նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից բացում են իրենց ցուցակները, իսկ հանրության ուշադրության կենտրոնում արդեն ոչ միայն անուններն են, այլև այդ անունների կենսագրությունն ու հայտարարագրած կարողությունը։

Այս անգամ ուշադրության կենտրոնում ընտրություններին 12 համարի ներքո մասնակցող Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է։

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երկարամյա դասախոս ու գիտաշխատող Շիրինյանը գլխավորում է կուսակցության ընտրացուցակը, սակայն նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագիրը ցույց է տալիս բավական համեստ պատկեր։

2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում Շիրինյանն ունեցել է ընդամենը մեկ անշարժ գույք՝ բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերվել դեռևս 2005 թվականին և համատեղ սեփականություն է։ Տրանսպորտային միջոց նա չի հայտարարագրել։

Ավելի խոսուն են դրամական միջոցները․ բանկային հաշիվներին՝ ընդամենը 272 հազար դրամ, կանխիկ՝ 70 հազար դրամ։

Մինչդեռ հաշվետու տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 6 միլիոն 378 հազար 651 դրամ։ Այդ գումարից 1 միլիոն 244 հազար 31 դրամը ստացվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան-ից, իսկ 5 միլիոն 134 հազար 620 դրամը՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտից։

Այսօր Շիրինյանը ղեկավարում է մանկավարժականի հասարակագիտության ամբիոնը, սակայն նրա քաղաքական կենսագրությունն էլ պակաս ուշագրավ չէ։ Աշխատանքային ուղին սկսել է դեռ 1976 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հետագայում աշխատել է նաև ճարտարապետաշինարարական ինստիտուտում, ղեկավարել գիտահետազոտական խումբ, պաշտոն զբաղեցրել նախագահի աշխատակազմում, դասավանդել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարան-ի հոգևոր ճեմարանում։

2007 թվականին նրան շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան՝ ժամանակակից գեոպոլիտիկական տեսությունների և Հայաստանի երկրառազմավարական առաջնահերթությունների մասին ատենախոսության համար։

Սակայն քաղաքական ընտրական փորձը Շիրինյանի համար նոր չէ։ 2021 թվականին նա մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին Հանուն հանրապետության կուսակցության և Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցության կազմած դաշինքով, որի առաջնորդը Արման Բաբաջանյանն էր։ Այդ դաշինքը, սակայն, ստացավ ընդամենը 1.50 տոկոս և մնաց Ազգային ժողովից դուրս։

Այժմ՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ, նախկին գործընկերները գնում են առանձին ճանապարհներով։ Իսկ գլխավոր հարցը մնում է նույնը՝ արդյո՞ք երկար կենսագրությունն ու ակադեմիական փորձը կկարողանան վերածվել քաղաքական քվեի։

Սոնա Գրիգորյան




Լրահոս