Armenian text to speach

Պատգամավորի թեկնածուի եղբորը ԱԱԾ սահմանապահ զորքերից կադրերի ռեզերվ են ուղարկել․ ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթասպա Թաթուլ Աղամյանին ուղարկել են կադրերի ռեզերվ։ Նրա հարազատների փոխանցմամբ՝ պատճառները պաշտոնապես չեն ներկայացվել։

Թաթուլ Աղամյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նա 14 տարի ծառայել է սահմանապահ զորքերում, ևս երկու տարի՝ զինված ուժերում։ Ըստ նրա մերձավորների՝ ծառայության ողջ ընթացքում նա բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները և երբևէ նկատողություն չի ստացել։ Վերջերս էլ երեք ամիս ծառայողական գործուղման մեջ է եղել Մեղրիում։

Թեև կադրերի ռեզերվ ուղարկելու պաշտոնական հիմնավորումը չի հրապարակվել, ընտանիքի անդամները տեղի ունեցածը կապում են քաղաքական հանգամանքների հետ։ Թաթուլ Աղամյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, դաշինքի նախընտրական ցուցակի 37-րդ համար Մհեր Աղամյանի հարազատ եղբայրն է։

Հիշեցնենք, որ Մհեր Աղամյանը օրեր առաջ սեփական ցանկությամբ հրաժարական էր տվել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու պատճառով։ Միևնույն ժամանակ նա շարունակում է մնալ Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ։

Ըստ հարազատների՝ Թաթուլ Աղամյանին ծառայությունից չեն ազատել, այլ ուղարկել են կադրերի ռեզերվ, ինչը, նրանց կարծիքով, կարող է սահմանափակել վերադասի որոշումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։

Այս պատմությունը, ըստ ընտանիքի անդամների, ևս մեկ անգամ հարցեր է առաջացնում այն մասին, թե որքանով են պետական համակարգում կադրային որոշումները զերծ քաղաքական ազդեցությունից։

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս