Ժողովրդավարական Հայաստանում Նիկոլ Փաշինյան իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին, պատգամավորի թեկնածուներին ճնշելու գործընթացը մեծ թափ է հավաքում: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ ևս մեկ ընդդիմադիր պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց է մեկնարկել։ Խոսքը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանի մասին է:
ArmLur.am-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով որոշել է բավարարել Դատախազության միջնորդությունը և համաձայնություն տալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ։
Նշենք, որ սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է վերջին օրերին։ Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը նոր լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացում՝ հատկապես ընդդիմադիր դաշտում, որտեղ արդեն խոսում են քաղաքական հետապնդումների և ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձերի մասին։ Թե կոնկրետ ինչ մեղադրանքներով են ընդդիմադիր թեկնածուներին հետապնդում, պաշտոնապես դեռ չեն հաղորդում: ArmLur.am-ը կպարզի առաջիկա ժամերի ընթացքում և կհրապարակի:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























