ArmLur.am-ը տեղեկացավ, որ e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում քննարկման է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում։
Նախագծով նախատեսվում է վերանվանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն»։
Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության անվանափոխության նպատակը վերջին շրջանում դրա լիազորությունների ընդլայնման արտացոլումն է։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտներում նախարարությանը վերապահված նոր գործառույթներին։
Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով նախարարությունն արդեն ստացել է նոր լիազորություններ՝ կապված արհեստական բանականության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման հետ։ Նոր գործառույթների շրջանակում ներառված են նաև ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման ուղղությունները։
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է նաև, որ այս նախաձեռնությունը բխում է վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությունից, որով հանձնարարություն էր տրվել դիտարկել արհեստական բանականության թեման նախարարության անվան և գործառույթների շրջանակում ընդգրկելու հարցը։ Հետագայում համապատասխան հանձնարարական է տրվել նաև փոխվարչապետի կողմից՝ մշակելու օրենսդրական փոփոխությունների փաթեթ։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ նախարարության նոր անվանումը կարտացոլի պետության արդիական թվային օրակարգը, որը ներառում է արհեստական բանականության, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ձևավորումը։
Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, իսկ ենթաօրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն վեցամսյա ժամկետում։ Ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը բյուջետային լրացուցիչ ազդեցություն չի առաջացնի։
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից և ներառված է կառավարության 2021–2026 թվականների ծրագրի տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ուղղությունների շրջանակում։ Այդ ծրագրում առանձնահատուկ շեշտադրվում են թվային միջավայրի ձևավորումը, նորարարական լուծումների խթանումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումը՝ որպես պետական կառավարման և տնտեսության առաջընթացի կարևոր բաղադրիչներ։
Նախագծի հանրային քննարկման ժամկետը սահմանվել է 2026 թվականի մայիսի 11-ից մինչև մայիսի 26-ը։
Անի Վարդանյան



























