Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։
Ուղիղ 2 տարի առաջ Քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ամբակում Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Նրա վերադասը՝ արդարադատության նոր նախարարը, նպատակահարմար չի համարել շարունակել Գրիգորյանի հետ աշխատանքը։
Հայտնի դարձավ, որ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը գերադասել է չաշխատել Գրիգորյանի հետ, նա էլ օրենքի ուժով ազատվել է, իսկ վարչապետն էլ ստորագրել է ազատման մասին որոշումը։
Դեռևս 2024 թվականին ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հատուկ անդրադարձել էր Ամբակում Գրիգորյանին։
«Մարտի 1»-ի էջը ոնց որ փակվո՞ւմ է, թե՞ բաց է։ Այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով ունեցել են մասնակցություն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»,- մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր այս տարվա մարտին հենց խորհրդարանում հիշեցրել, թե ինչ դերակատարում է ունեցել «Մարտի 1»-ի գործով Ամբակում Գրիգորյանը։ Նա 2009-2013 թվականներին այս գործը քննող Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչն էր։
«Մարտի 1»-ի էջը չի կարելի համարել փակված, և այնտեղ բոլորը պետք է իրենց մասով արդարացման ճանապարհ անցնեն։ Էլ չեմ ասում՝ կադրային առաջխաղացման մեջ դա շատ կարևոր է, որ մենք բոլոր այդ դրվագները հաշվի առնենք»,- հայտարարել էր Քոչարյանը։
Քնար Մանուկյան






























