Armenian text to speach

Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է և ապօրինի ազատազրկման 330-րդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բագրատ Սրբազանի 55-րդ տարեդարձն է և ապօրինի ազատազրկման 330-րդ օրը։

Ո՞վ է նա և ի՞նչ ճանապարհ է անցել։

Բագրատ Սրբազանը ծնվել է Հայաստանում՝ Գյումրիում, 1971 թվականին, և 1994 թվականին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը, ապա ուսումը շարունակել Մեծ Բրիտանիայում՝ ավարտելով Լիդսի համալսարանը և բակալավրի աստիճան ստանալով Մըրֆիլդի Սուրբ Հարության աստվածաբանական քոլեջից։

2012 թվականին ավարտել է Մոնրեալի Քոնքորդիա համալսարանը և ստացել աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության մագիստրոսի կոչում՝ պաշտպանելով «Հայաստանի առողջապահական համակարգը․ պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» անվանմամբ թեզ։

Առաջին եկեղեցական ձեռնադրությունը եղել է 1994 թվականին՝ Տ․ Անանիա եպիսկոպոս Աբաջյանի ձեռամբ․ համալրել է Մայր Աթոռի սարկավագաց դասը և մեկ տարի անց ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Եպիսկոպոսի աստիճան ստացել է 2003 թվականին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրությամբ, ապա 2023 թվականին՝ Կաթողիկոսի հայրապետական կոնդակով արժանացել է արքության պատվի։

Իր գործունեության ընթացքում եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր, Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գավազանակիր, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռի մամուլի, լրատվության և հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։

Դասախոսել է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Վազգենյան դպրանոցում, 2002–2003 թվականներին եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 2003–2013 թվականներին՝ Կանադայի հայոց թեմի առաջնորդը։

2015 թվականից առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը և 2017 թվականից անդամակցում Գերագույն հոգևոր խորհրդին։

2013 թվականին հրատարակել է «Ավետյաց երկրի տեսլիքով» գիրքը։

Սրբազանի թե՛ գիտական ճանապարհը, թե՛ գործունեությունը ծավալուն են, որի ընթացքում հասցրել է վաստակել հավատավորների սերն ու ջերմությունը։ Այսօր Տավուշում մեկնարկած շարժման առաջամարտիկը դարձած Բագրատ Սրբազանը Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ հայտնի ամենանվիրված և մաքուր հոգևորականներից է, որի անունը շահարկել ու կեղտոտ խաղերում ընդգրկելը անընդունելի է։

Վերջին օրերին, սակայն, բազմաթիվ իշխանական ուժեր և գործիչներ ամենակեղտոտ ձևով զրպարտում են սրբազանին՝ վիրավորանքներ հնչեցնելով նրա հասցեին։ Հակառակ բազմաթիվ խոսակցություններին, սրբազանը ամուսնացած չէ և զավակներ չունի, քանի որ կուսակրոն հոգևորականներն ընտանիք չեն կազմում։

«Ձեզ մխրճել են այնպիսի գործընթացի մեջ, որը վճռական է բոլորիս համար։ Հանկարծ չդժգոհեք երեկվա ընդվզումից, գիտեմ, թե ինչպիսի ծանր հոգեվիճակում եք։ Մենք գնահատում ենք ձեր ծառայությունը, բայց վերանայեք, թե դուք ում եք ծառայում։ Ով ուզում է լինի, իրավունք չունի սպառնալ իմ ժողովրդին։ Ձեզ պահեք ձեր պատկերացրած տղամարդուն վայել, դուք ծառայության մեջ եք, ծառա չեք։ Քանի դուք կրկնելու եք այդ գործողությունները, մենք կանգնելու ենք ձեր դիմաց՝ ուղիղ ձեր դիմաց։ Մեզ ոչինչ չի հետաքրքրում, չեք կարող մեզ վախեցնել։ Դուք մոնղոլ չեք, ոչ էլ արաբ, որ արշավանքներով գաք ու գնաք», – ապրիլի 27-ին ոստիկանների և տավուշցիների միջև տեղի ունեցած բախումից հետո ոստիկաններին ասել էր Բագրատ Սրբազանը։

Հունիսի 25-ին Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության բռնազավթման մեջ։




Լրահոս