Արման Թաթոյանը բաց նամակով դիմել է Հայաստան ժամանող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:
«Հարգարժա՛ն պետքարտուղար Ռուբիո,
Բարի գալուստ Հայաստան։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ։
Ես լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով։
Միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, որոնք կարևոր են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Նախագահ Թրամփը Նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի։
Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։
Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ վարչապետի թեկնածու
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (2016-2022)»։ (Գ)






























