Armenian text to speach

Ի՞նչ է «Россия-Кавказ»-ը, որի անունը շրջանառվում է Անդրանիկ Թևանյանի քրեական գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրանիկ Թևանյան կալանավորվել է երկու ամսով՝ պետական դավաճանության և լրտեսության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Դատախազությունը դիմել էր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ ԿԸՀ-ն միջնորդությունը քննարկել է փակ նիստով և բավարարել այն՝ իրավապահներին թույլ տալով շարունակել գործընթացը։

Նիստից հետո իրավապահները սկսել են քննչական գործողություններ, իսկ ավելի ուշ Թևանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քննչական կոմիտեի և դատախազության ներկայացրած վարկածի համաձայն՝ Թևանյանը ենթադրաբար հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Նրա գործունեությունը կապվում է «Россия-Кавказ» անվամբ հիշատակվող աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ։ Ըստ իրավապահների ներկայացրած տվյալների՝ վերջինս, ենթադրաբար, 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, որը վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ նիստում սահմանազատման թեմայով տեղի ունեցած քննարկումներին։

Թևանյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Նա պնդում է, որ գործը քաղաքական բնույթ ունի, իսկ իրեն վերագրվող գործողությունների մասին ինքը տեղեկացված չի եղել։

ArmLur.am-ը փորձել է բաց աղբյուրների միջոցով հասկանալ, թե ինչ է «Россия-Кавказ» կամ «Caucasus-Russia Today» անվամբ հիշատակվող հարթակը, որի մասին նշվում է իրավապահ մարմինների հաղորդագրություններում։

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է kavkaz-russia.com կայքը, որը ներկայացվում է որպես Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և վերլուծական բովանդակություն հրապարակող հարթակ։ Այն անդրադառնում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ զարգացումներին, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային գործընթացներին։

Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում կայքի վերաբերյալ ամբողջական ինստիտուցիոնալ տվյալներ չեն հայտնաբերվում։ Մասնավորապես՝ բացակայում են խմբագրակազմի, սեփականատիրոջ, ֆինանսավորման աղբյուրների և կազմակերպական կառուցվածքի վերաբերյալ հստակ ու թափանցիկ տեղեկությունները։

Իրավապահ մարմինների հրապարակային հաղորդագրություններում ևս չի ներկայացվում բաց աղբյուրային հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ իրավաբանական կարգավիճակ ունի «Россия-Кавказ» անվամբ հիշատակվող հարթակը, ով է դրա սեփականատերը կամ ինչ կառուցվածքի շրջանակում է այն գործում։

Այս պայմաններում բաց է մնում առանցքային հարցը՝ արդյոք խոսքը դասական լրատվամիջոցի մասին է, որը զբաղվում է տարածաշրջանային քաղաքական վերլուծությամբ, թե այլ ձևաչափով գործող տեղեկատվական հարթակի։

Իրինա Ատանյան




Լրահոս