ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ական 8 համայնքապետ դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր և «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի դեմ՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում։
Համայնքապետներն ընդդիմադիր պատգամավորից պահանջում են 500 հազարից մինչև 3 միլիոն փոխհատուցում վճարել։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Յոլյանի դեմ դատական հայց են ներկայացրել Գառնի, Սիսիան, Վաղարշապատ, Սպիտակ, Արմավիր, Վարդենիս, Արտաշատ և Թալին համայնքների ղեկավարները։
Դատական հայցերի պատճառը հոկտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից Յոլյանի ելույթն է, որի ընթացքում նա հայտարարել էր, որ ՔՊ-ական համայնքապետներն ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։
Նա ասել էր, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում և սերիալներ ու մարտաֆիլմեր չեն նկարում, որովհետև պորտալարով կապված են իշխանությունների հետ։
ArmLur.am-ը կապ հաստատեց Իրինա Յոլյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է կարծում նա վերոնշյալ դատական հայցերի մասին և ինչպես է պատրաստվում իրականացնել իր դատական պաշտպանությունը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով նա իր ելույթներում կոռուպցիոն խնդրի մասին է խոսել, նաև հստակ ներկայացրել է, թե որ համայնքների՝ այդ թվում, նրան դատի տված համայնքների ղեկավարներն են ընկերություններ բացել իրենց ընտանիքի անդամների համար և ինչպես են նրանք մասնակցել տենդերներին։ Յոլյանի համոզմաբ սա համակարգված գործընթաց է:
























































































