ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանում Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումները չեն ազդի գնաճի վրա և որևէ խնդիր չեն ստեղծի ՌԴ-ի համար։
Նրա խոսքով՝ ռուսական շուկան հիմնական սպառումը ապահովում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև ունի բավական բազմազան մատակարարների համակարգ։
Ռեշետնիկովը նշել է. «Մեր շուկաների վրա ազդեցություն չի լինի։ Երբ ինձ հարցնում էին՝ ինչ կլինի գնաճի հետ, մենք վիճակագրորեն այդ թվերը չենք նկատի»։
Նա ընդգծել է, որ Հայաստանից ներմուծման սահմանափակումները որևէ դժվարություն չեն առաջացնի։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մրգերի և բանջարեղենի ներմուծումը՝ ֆիտոսանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Բացի այդ, մայիսի 22-ից ժամանակավորապես արգելվել է նաև ծաղիկների ներմուծումը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























































































