Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են 2020 և 2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների վրա։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման գործում», – ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են, իսկ նախկին խնդիրներն արդեն անցյալում են։
Լավրովի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ լրացնելով վերջին ամիսներին երկկողմ հարաբերություններում առաջացած դադարը։
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր։ Նրա խոսքով՝ 2025 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի, իսկ ռուսական ներդրումները Ադրբեջանում կազմում են մոտ 11 միլիարդ դոլար։
Բացի այդ, նախարարները քննարկել են մշակութային, հումանիտար և կրթական համագործակցության վերականգնման, ինչպես նաև Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցերը։
Անի Վարդանյան




























