Խորհրդարանում այժմ քննարկվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգում» լրացումներ կատարելու հարցը: Զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին պատգամավորներն ուղղում են իրենց հարցերը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրանյանը հետաքրքրվեց, թե այն գումարները, որոնք գանձվել են՝ հակառակ մարդկանց կամքի, ինչու մինչ այժմ չեն վերադարձվում այդ մարդկանց:
«Այդ գումարները կարելի է համարել բռնագանձված: ՍԴ-ի որոշումը կա, բոլորիս համար արդեն հասկանալի է, որ այն բռնագանձված է: Ինչո՞ւ այդ գումարները հենց հիմա, հենց այս պահին չեն փոխանցվում այդ մարդկանց: Սա ի՞նչ կապ ունի նոր օրենքի ընդունման հետ», – նշեց նա:
Ի պատասխան՝ Արտեմ Ասատրյանը նշեց, թե համաձայն չէ պատգամավորի կողմից արված գնահատականների հետ:
«Հստակ ամրագրվում է, որ մինչև սահմանված ժամկետը նորմերը պետք է կատարվեն: Մենք այսօր ունենք ՍԴ-ի որոշում և ունենք, որ մինչև սեպտեմբերի 30-ը պետք է իրականացնենք ամբողջական լուծումներ: Ինչո՞ ւ հիմա չի արվում, որովհետև պետք է ընդհանուր քննարկվի և որոշում կայացվի: Մենք հիմա կարող ենք անել մի բան, որը հետագայում կարող է խանգարել այլ որոշումների ընդունմանը», – նշեց նա: