Սոցապ նախարարությունն ընդդեմ ծխախոտ ներկրողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գարդմեն» ընկերությունը դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ բողոք ներկայացրել ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Սակայն ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը գործել է սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտեմ Ասատրյանի, մերժել նշված ընկերության բողոքը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծխախոտ ձեռք բերելու նպատակով հայտարարել է գնանշման հարցման ընթացակարգ, ինչի շրջանակներում գնային առաջարկ ներկայացվել է չորս ընկերությունների, այդ թվում եւ «Գարդմեն»-ի կողմից: Ընդ որում, միայն «Գարդմեն»-ի կողմից գնային առաջարկը ներկայացվել է ԱԱՀ-ով: Արդյունքում գնահատող հանձնաժողովը որոշել է, որ «Գարդմեն»-ի հայտը չի համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին: Ապա այն հանձնաժողովը մերժել է` պատճառաբանելով, որ ծխախոտը չի հարկվում ԱԱՀ-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցապ նախարարությունը որոշել է 1-ին չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել Ա/Ձ Կարեն Սարգսյանին, իսկ 2-րդ չափաբաժինը հայտարարել չկայացած: Սակայն «Գարդմեն» ընկերությունը համաձայն չէ այս որոշման հետ եւ դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ: Հետեւաբար ներկայացրել է նաեւ բողոքի իրավական հիմքերը:

Բայց խորհուրդը պարզել է, որ ծխախոտից արտադրանքը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի 5-րդ կետի եւ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, հարկվում է ակցիզային հարկով: Ծխախոտից արտադրանքը հարկվում է ԱԱՀ-ով միայն ներմուծման դեպքում: Եւ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձի ներմուծված ծխախոտի իրացման պահից: Ամեն դեպքում, գնահատող հանձնաժողովը հայտարարել է, որ «Գարդմեն» ընկերության կողմից ԱԱՀ-ն պետք է վճարվի ոչ թե տվյալ գործարքի, այլ մեկ ուրիշ` ծխախոտի ներմուծման գործարքի շրջանակներում: Այնուամենայնիվ, սոցապ նախարարությունը որոշել է ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկները մերժել այն հիմնավորմամբ, որ ծխախոտը չի հարկվում ԱԱՀ-ով, իսկ ընկերության գնային առաջարկները ներկայացվել են ԱԱՀ-ն ներառյալ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Գարդմեն»-ի գնային առաջարկը կազմել է 7,8 մլն դրամ, որից միայն 1,3 մլն դրամը ավելացված արժեքի հարկն է: Իսկ ահա 1-ին չափաբաժնի համար ընկերության առաջարկած ընդհանուր գինը կազմել է 3,1 մլն դրամ, որից ԱԱՀ-ն` 52 հազար 589 հազար դրամ, 2-րդ չափաբաժնի համար` 297 հազար 198 հազար դրամ, ԱԱՀ-ն` 49 հազար 533 հազար դրամ: Ընդ որում` «Գարդմեն»-ը պնդում է, որ մյուս մասնակիցների համեմատ վերջինիս գնային առաջարկը եղել է նվազագույնը:

Ըստ ընկերության` սոցապ նախարարությունը գործել է ոչ իրավաչափ, քանի որ «Գարդմեն»-ը գնման առարկա հանդիսացող ծխախոտը ներմուծել է այլ երկրից, իսկ նշված ապրանքի մասով ներմուծման ժամանակ պարտադիր վճարվում է ավելացված արժեքի հարկը: Ընկերությունը պնդում է, որ իր կողմից ներկայացված գնային առաջարկը համապատասխանել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին եւ ենթակա չէր մերժման: Եւ ամենակարեւորը` սոցապ նախարարությունը «Գարդմեն»-ի հայտը մերժելով` չի նշել, թե ինչ իրավական ակտով է կարգավորված վերջինիս կողմից հայտի մերժման հիմք հանդիսացած ապրանքի ԱԱՀ-ով չհարկվելը:

Ապա «Գարդմեն»-ը, դիմելով խորհրդին, խնդրել է դադարեցնել կամ չեղյալ հայտարարել սոցապ նախարարության, գնահատող հանձնաժողովի «Գարդմեն»-ի հայտը ընթացակարգի հրավերով սահմանված պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչելու մասին որոշումը:  Նաեւ ընկերությունը պահանջել է չեղյալ հայտարարել սոցապ նախարարության «Գարդմեն»-ի հայտը մերժելու մասին որոշումը եւ Ա/Ձ Կարեն Սարգսյանին 1-ին չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումը:

Իսկ ահա սոցապ նախարարությունից հակառակն են պնդում. «Գարդմեն»-ի կողմից ներկայացված գնային առաջարկը մերժելու որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ընկերությունը իր կողմից ներկայացված գնային առաջարկներում նախատեսել է ԱԱՀ-ի բաղադրիչ, ինչը չի համապատասխանել իրականությանը: Ավելին` գնումների բողոքարկման խորհուրդը այս դեպքում «գործել է» սոցապ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի սրտով եւ գտել է, որ գնահատող հանձնաժողովը «Գարդմեն»-ի կողմից ներկայացված գնային առաջարկը մերժելով` գործել է իրավաչափ:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տարաբնույթ «մութ գործարքների» մեջ է: Մեզ հասած տեղեկություններով` նախարարը եւ իր ենթակա վարչության պետերից մի քանիսը այնպես են կազմակերպում մրցույթները, որոնցում հաղթում են ձեւական ընկերություններ, իրականում նրանք, որոնցով նախարարը հետաքրքրված է: Այսինքն` նախարարության կողմից հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվում այնպիսի ընկերություններ, որոնք, ըստ էության, չեն կարող հաղթող ճանաչվել, եւ, առհասարակ, ինչ մեխանիզմներ են կիրառվում, որ հենց այդ ընկերությունները հաղթեն մրցույթում: Հուսանք` այս ամենը չի վրիպի նոր ձեւավորվելիք կառավարության աչքից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս