Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը:
Գործով վկա Արթուր Թանգամյանն իր ցուցմունքում հայտնեց, որ չի կարող հստակ ասել` ովքեր են գրանցված իրենց բնակարանում: Այս կապակցությամբ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ վկան դատարանին ներկայացնի բնակարանի գրքույկը, ինչը դատարանը մերժեց:
Հաջորդ վկա Ռուզաննա Վասիլյանը հայտնեց, որ ինքն աշխատում է Զեյթուն վարչական շրջանի համատիրությունում:
Վկան իր ցուցմունքում նշեց, որ իրեն չեն հարցաքննել, քննիչներ չեն դիմել և ինքը չի հասկանում` ինչու են իրեն հրավիրել դատարան:
Պաշտպան Պետրոսյանի այն հարցին, թե հնարավոր է՝ իրենք սպասարկեն այլ շենքերի ևս, վկան հերքեց: Նա չբացառեց նաև այն հանգամանքը, որ իրենց տրամադրության տակ գտնվող առաջին փակուղու առաջին շենք կարող է լինել այլ շրջանում ևս, ինչը պաշտպանական կողմն անտրամաբանական համարեց:
Պաշտպան Արա Զախարյանի այն հարցին, թե երբվանից գոյություն ունի առաջին փակուղու 2/ա շենքը, վկան պատասխանեց, որ այն վաղուցվա շենք է:
Պաշտպանը հարցրեց նաև, թե վկան համոզված է արդյոք, որ սոցապ բաժնում այդ շենքը գրանցված է ոչ թե «ա»-ով, այլ «բ»-ով, վկան դժվարացավ պատասխանել:
Դատարանը հայտնեց, որ քանի որ վկան մինչդատական վարույթում վկայություն չի տվել, վկային ասաց, որ ստուգի` արդյոք ցուցմունքը իր ձեռքով է կատարված, և առկա է իր ստորագրությունը, վկան պատասխանեց, որ իր ձեռագիրն է և իր ստորագրությունը: Սակայն ևս մեկ անգամ հայտնեց, որ հարցաքննություն չի եղել, ուղղակի զրուցել են:
Ապա վկան հարց ուղղեց դատարանին. «Քննիչը Աշո՞տն ա», ինչը ծիծաղ առաջացրեց դատարանում: Վկա Վասիլյանը հայտնեց նաև, որ բոլոր բնակարանների սեփականատերերին ճանաչում է, սակայն չի կարող ասել` ովքեր են գրանցված տվյալ բնակարանում: