Թբիլիսիում նշվել է ավանդական Վարդատոնը՝ նվիրված երգի և երաժշտության ռահվիրա Սայաթ-Նովայի հիշատակին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Ավանդույթի համաձայն՝ միջոցառման մասնակիցները հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որին հաջորդեց տոնական բացօթյա համերգը Գորգասալիի հրապարակում։
Ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի միության նախագահ Մ. Առաքելովան, Թբիլիսիի Սակրեբուլոյի փոխնախագահ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին։
Վ․ Պողոսյանը փոխանցելով ՀՀ դեսպանի ուղերձը՝ անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների դարավոր, անքակտելի բարեկամությանը, որում իր առանձնահատուկ դերն ու տեղն ունի Սայաթ-Նովան, ում կերպարը ասել է թե մարմնավորում է մշակույթների խաչմերուկ հանդիսացող Թբիլիսիի ոգին։
Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած երգչախմբեր և պարախմբեր, ինչպես նաև հայ ժողովրդական և գուսանական երգի մենակատարներ՝ Վարդան Բադալյանը և Արփին»։






























