Ծիածան գյուղում այս օրերին ծաղիկ չեն վաճառում։ Այստեղ ծաղիկ են ոչնչացնում։
Ջերմոցներում ամիսներով խնամված, արտահանման պատրաստ հազարավոր ծաղիկներ այսօր մնացել են պահեստներում ու շարքերի վրա՝ առանց գնորդի։ Մի մասն արդեն փչացել է։ Մյուս մասը գյուղացիներն իրենք են կոտում։ Որոշներն էլ՝ այրում։
Պատճառը Ռուսաստան կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման ժամանակավոր կասեցումն է, որը գործում է մայիսի 22-ից։ Պաշտոնական բացատրությամբ՝ խոսքը «հայտնաբերված խախտումների» մասին է։ Ռուս մասնագետներն արդեն ստուգումներ են իրականացրել հայկական ջերմոցային տնտեսություններում՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։ Ստուգումներն ավարտվել են, բայց դրանց արդյունքները դեռ չեն հրապարակվել։
Մինչ պաշտոնական եզրակացությունը ուշանում է, Ծիածանում մարդիկ արդեն հաշվարկում են վնասը՝ ոչ թե թղթի վրա, այլ իրենց աչքի առաջ։
Տարիներ շարունակ ռուսական շուկայի համար արտադրած գյուղացիներն այսօր կանգնած են փակ դռան առաջ։ Նրանց խոսքով՝ արտահանման ենթակա ծաղիկների մեծ մասն այլևս իրացման հնարավորություն չունի։ Իսկ տեղական շուկան պարզապես ի վիճակի չէ կլանել այդ ծավալը։
«Հայաստանի ներքին շուկայի համար մի քանի հեկտարն էլ բավական է, մինչդեռ երկրում հարյուրավոր հեկտարներով ծաղիկ է աճեցվում», — ասում են արտադրողները։
Այս իրավիճակում ծաղիկը վերածվել է վնասի։ Իսկ վնասը՝ հուսահատության։
Գյուղացիները թերահավատ են նաև եվրոպական շուկա դուրս գալու հնարավորության հարցում։ Պատճառները շատ են՝ սկսած լոգիստիկայից մինչև որակի խիստ չափանիշներ։ Բացի այդ, ծաղիկների սերմերն ու տնկանյութը հիմնականում հենց Եվրոպայից են ներմուծվում։ Բայց եվրոպական շուկա մտնելը, նրանց խոսքով, գրեթե անհնար է։
«Եվրոպացին էս մի առողջ ծաղիկի վրա հազար հատ դեֆեկտ կգտնի», — ասում է գյուղացիներից մեկը։
Ու մինչ քննարկվում են ստուգումների արդյունքները, սահմանային սահմանափակումները և շուկաների հնարավոր դիվերսիֆիկացումը, Ծիածանի ջերմոցներում ծաղիկներն այրվում են։
Այրվում է ոչ միայն արտադրանքը։
Այրվում են ամիսների աշխատանքը, վարկով արված ներդրումները, ընտանիքների եկամուտը և մարդկանց հավատը, որ իրենց աճեցրածը մի օր շուկա կհասնի։
Ծիածանում այսօր կրակի մեջ հայտնվել են ոչ միայն ծաղիկները, այլև գյուղացու սպասումն ու ապրուստը։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























