ԱՄՆ-ի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության վերականգնումն առաջնահերթ խնդիր է Վրաստանի կառավարության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան հաշվետվության մեջ։
«Վրաստանի կառավարության համար կարևոր և առաջնահերթ են ԱՄՆ-ի հետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանի կառավարության խնդիրն է հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման, ինչը ենթադրում է իրավահավասար, արդարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների վերականգնում՝ հաշվի առնելով կողմերի շահերը բոլոր ուղղություններով», – ասվում է 2025 թ. հունիսից մինչև 2026 թ. մայիսն ընկած ժամանակահատվածի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ վարչապետի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Վրաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատում է նոր երկկողմ օրակարգի մշակման ուղղությամբ։
2026 թ. փետրվարից մինչև մարտ Վրաստան են այցելել ԱՄՆ Կոնգրեսի և վարչակազմի մի քանի պատվիրակություններ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նույնպես այցելել են Վաշինգտոն։ Կոբախիձեն մարտի վերջին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Փետրվարին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ բանակցություններ են վարել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, նշվում է հաշվետվության մեջ։
Վաշինգտոնի հետ Թբիլիսիի հարաբերություններն զգալիորեն վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո: Վրաստանի վարչապետի՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու վերաբերյալ 2024 թ. նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրեց ռազմավարական գործընկերությունը հանրապետության հետ:
Վրաստանի իշխանությունները դեռ մինչև Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը բազմիցս հայտարարել են, որ հույսը դնում են ԱՄՆ-ում իշխանափոխության և Վաշինգտոնի հետ հարաբերությունների վերագործարկման վրա: Վրաստանի իշխանությունները նաև բազմիցս հայտարարել են այն մասին, որ սպասում են ԱՄՆ-ի կողմից պատասխան քայլերի:


























































































