Armenian text to speach

Մեկ ամսվա ընթացքում ի՞նչ սահմանափակումներ է կիրառել ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ սպասել առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2026 թվականի մայիսին Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրառել է մի շարք տնտեսական և առևտրային սահմանափակումներ, որոնք հիմնականում առնչվում են հայկական արտադրանքի արտահանմանը ռուսական շուկա։

Մասնավորապես, մայիսի 22-ից ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Մեկ օր անց՝ մայիսի 23-ին, ռուսական վերահսկողական մարմինները պահանջել են դադարեցնել հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի որոշ տեսակների իրացումը՝ պատճառաբանելով, որ հայտնաբերվել են որակի հետ կապված խնդիրներ։

Մայիսի 30-ից ուժի մեջ են մտել նաև սահմանափակումներ հայկական գյուղմթերքի մի շարք տեսակների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծմանը։
Բացի այդ, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունիսի 2-ից սահմանափակումներ են տարածվելու նաև Հայաստանից արտահանվող մի շարք կորիզավոր մրգերի վրա՝ ծիրանի, կեռասի, դեղձի, նեկտարինի, սալորի և խաղողի։

Ռուսական կողմը կասեցրել է նաև հայկական մի շարք ձկնարտադրողների սերտիֆիկացումը՝ ռուսական շուկայում գործունեության հնարավորություն թողնելով միայն սահմանափակ թվով ընկերությունների։ Ավելի վաղ սահմանափակումների էին ենթարկվել նաև «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակներ։

Տնտեսական սահմանափակումներին զուգահեռ հնչել են նաև քաղաքական բնույթի հայտարարություններ։ Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման գործընթացն ակտիվացնելու և Եվրամիությանը մերձենալու դեպքում կարող է վերանայել կամ դադարեցնել արտոնյալ պայմաններով գազի, նավթի և չմշակված ադամանդի մատակարարումները։ Ռուս պաշտոնյաները նաև հիշեցրել են, որ ներկայում Հայաստանը ռուսական գազը ստանում է այլ երկրների համեմատ շուրջ 2,5 անգամ ավելի ցածր գնով, և չեն բացառել, որ ապագայում այն կարող է մատակարարվել արդեն շուկայական արժեքով։

Հունիսի 3-ից ՌԴ-ն նաեւ արգելեց Հայաստանից արեւածաղկի, կարտոֆիլի, սմբուկի և չրերի ներկրումը Ռուսաստան։

Այսպիսով, վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումները ընդգրկել են Հայաստանի արտահանման մի շարք կարևոր ուղղություններ՝ գյուղատնտեսական արտադրանքից մինչև ալկոհոլային խմիչքներ և ձկնարդյունաբերություն։ Միաժամանակ հնչեցված քաղաքական հայտարարությունները վկայում են, որ տնտեսական գործիքակազմը կարող է օգտագործվել նաև որպես ճնշման միջոց՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա տարաձայնությունների ֆոնին։

Նանիկ Աղասյան




Լրահոս