Ընտրությունների ընթացքում այնպիսի ընտրախախտումներ չեն արձանագրվել, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ես կողմնակից եմ, որ բոլոր այն տեղամասերում, որոնց վերաբերյալ թեկուզ նվազագույն կասկածներ կան, իրականացվի վերահաշվարկ։ Մենք շատ նուրբ սահմանի վրա ենք․ քաղաքական ուժերից մեկի՝ անցողիկ շեմը հաղթահարելը կարող է որոշվել ընդամենը մի քանի ձայնով։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ունենալ հնարավորինս ճշգրիտ պատկեր»,- ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ արդեն սկսվել են վերահաշվարկների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները։
ԿԸՀ նախնական տվյալներով՝ քվեների բաշխումը հետևյալն է․
• «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49,825%
• «Ուժեղ Հայաստան»՝ 23,281%
• «Հայաստան» դաշինք՝ 9,934%
• «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996%
Այս արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում 4 տոկոսի անցողիկ շեմը և չի մասնակցում մանդատների բաշխմանը։ Սակայն կուսակցության արդյունքը շեմին շատ մոտ է, և վերահաշվարկներից հետո 4 տոկոսի հասնելու դեպքում այն կարող է մասնակցել մանդատների բաշխմանը և ներկայացված լինել Ազգային ժողովում։



























