Armenian text to speach

Ալբանիայում հազարավոր քաղաքացիներ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայում արդեն տասներորդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի կառավարության հրաժարականը։ Ցուցարարները չորեքշաբթի երեկոյան հավաքվել են մայրաքաղաք Տիրանայի Սկանդերբեգի հրապարակում, ապա երթով շարժվել դեպի խորհրդարան։

Բողոքի ակցիայի ընթացքում հնչել են «Ռաման՝ բանտ, Բերիշան՝ բանտ» վանկարկումները՝ ուղղված ինչպես գործող վարչապետ Էդի Ռամային, այնպես էլ նախկին վարչապետ և ներկայում ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալի Բերիշային։

Շարժումն ի սկզբանե սկսվել էր Ալբանիայի հարավում գտնվող Սազան կղզում և Նարտայի ծովածոցի պահպանվող տարածքում նախատեսվող զբոսաշրջային խոշոր նախագծի դեմ։ Նախագիծը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ներդրումային նախաձեռնությունների հետ։

Սակայն ժամանակի ընթացքում բողոքի ակցիաները վերածվել են ավելի լայն հակաիշխանական շարժման։ Ցուցարարները մեղադրում են ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը երկրի քաղաքական և տնտեսական խնդիրները չլուծելու մեջ։

Կազմակերպիչները ներկայացրել են հինգ հիմնական պահանջ՝ կառավարության հրաժարական, ռազմավարական ներդրողների համար նախատեսված հատուկ կարգավիճակների և համապատասխան օրենսդրության վերացում, այսպես կոչված «Լեռնային փաթեթի» չեղարկում, պահպանվող տարածքների մասին օրենքում կատարված փոփոխությունների հետկանչ և մշակութային ժառանգության մասին օրենքում կատարված փոփոխությունների վերացում։

Ալբանիայի կառավարությունը, իր հերթին, պնդում է, որ Ադրիատիկ ծովի ափին նախատեսվող նախագիծը կարող է արմատապես փոխել երկրի տնտեսությունը՝ նպաստելով բարձրակարգ զբոսաշրջության զարգացմանը և Եվրոպական միությանը անդամակցելու նպատակների իրագործմանը։

Նախագիծը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ Նարտայի ծովածոցի արգելոցային տարածքում ծովափնյա հանգստավայրի կառուցում և նախկին ռազմական բազա հանդիսացող Սազան անմարդաբնակ կղզու վերափոխում զբոսաշրջային կենտրոնի։

Վարչապետ Էդի Ռաման ավելի վաղ հայտարարել էր, որ նախագծի դեմ արշավը սոցիալական ցանցերում խթանվում է  հակասեմական քարոզչության և արտաքին ուժերի կողմից՝ երկրում լարվածություն հրահրելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը երեքշաբթի կոչ է արել ալբանական իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար։ Բրյուսելում ընդգծել են, որ Ալբանիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել երկրի եվրոպական ինտեգրման գործընթացը։

Բողոքի շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ առաջիկա օրերին ցույցերը կշարունակվեն, քանի որ իրենց պահանջները մնում են անփոփոխ։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս