Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել այն պատգամավորների գույքային դրությունը, որոնք, ըստ գործող քաղաքական դասավորությունների, չեն ընդգրկվելու 2026 թվականի Ազգային ժողովի նոր կազմում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

1992 թվականին Կապանում ծնված Դավիթ Դանիելյանը մինչև խորհրդարան գալը զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ, իսկ 2021 թվականի օգոստոսից դարձել է ԱԺ պատգամավոր՝ ընտրվելով ՔՊ ցուցակով։ Սակայն առավել հետաքրքիր է ոչ թե նրա քաղաքական, այլ գույքային ճանապարհը խորհրդարանում անցկացրած տարիներին։

Մեկ միլիոն դրամից մինչև տասնյակ միլիոնների կանխիկ միջոցներ

2021 թվականին պատգամավորի հայտարարագրում առկա էին երկու բնակարան Երևանում, բնակելի տուն Նուռնուսում, ինչպես նաև հողամասեր Նուռնուսում և Բյուրեղավանում։ Այդ ժամանակ նրա կանխիկ միջոցները տարեվերջին կազմել էին ընդամենը 4 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 2.8 միլիոն դրամ։

Արդեն 2022 թվականին կանխիկ միջոցները հասել էին 8 միլիոն դրամի, իսկ եկամուտը՝ ավելի քան 15 միլիոն դրամի։

Սակայն ամենաուշագրավ փոփոխությունները տեղի են ունեցել 2023 թվականին։ Այդ տարվա ընթացքում պատգամավորը վաճառել է երկու անշարժ գույք՝ Բյուրեղավանի բնակելի տունը՝ 38 միլիոն դրամով, և Երևանի բնակարաններից մեկը՝ 25.5 միլիոն դրամով։ Արդյունքում նրա տարեկան եկամուտը հասել է 73.1 միլիոն դրամի։

Հենց այդ տարի էլ կանխիկ միջոցների ծավալը կտրուկ աճել է՝ 2.5 միլիոն դրամից հասնելով 57 միլիոն դրամի։

Կանխիկը նվազել է, բայց գույքը պահպանվել է

2024 թվականին պատգամավորի ֆինանսական պատկերը փոխվել է։ Չնայած կանխիկ միջոցները նվազել են՝ 57 միլիոնից դառնալով 53 միլիոն դրամ, նա շարունակում է պահպանել անշարժ գույքային զգալի պորտֆելը։ Բացի այդ, նույն տարում ձեռք է բերել նոր հողամաս՝ 1 միլիոն դրամ արժեքով։

Միևնույն ժամանակ առաջին անգամ հայտարարագրվել է նաև 18.1 միլիոն դրամի վարկային պարտավորություն։

ԱԺ-ից՝ միլիոններով և նոր տնով

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Դանիելյանի եկամուտները կազմել են 12.7 միլիոն դրամ, ինչպես նաև 7000 եվրո, որը նա ստացել է իր նկարների վաճառքից։

Թեև կանխիկ միջոցները մեկ տարվա ընթացքում նվազել են 53 միլիոնից մինչև 39 միլիոն դրամ, պատգամավորը շարունակում է ունենալ Երևանում բնակարան, Նուռնուսում և Բյուրեղավանում հողամասեր, իսկ վերջին շրջանում ձեռք է բերել նաև բնակելի տուն Կապանում։

Այսպիսով, եթե 2021 թվականին Դավիթ Դանիելյանը խորհրդարան էր մտնում մի քանի անշարժ գույքով և ընդամենը 1 միլիոն դրամ կանխիկ միջոցներով, ապա 2026 թվականի ընտրություններին ընդառաջ նա ԱԺ-ից հեռանում է տասնյակ միլիոնների կանխիկ միջոցներով, մի քանի անշարժ գույքով և նոր ձեռքբերված բնակելի տնով։

Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում պատգամավորի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես գույքի վաճառքներ, այնպես էլ նոր ձեռքբերումներ, իսկ կանխիկ միջոցների առավելագույն ծավալը հասել է 57 միլիոն դրամի։ Հետևաբար, Դավիթ Դանիելյանի պատգամավորական տարիները նշանավորվել են ոչ միայն քաղաքական գործունեությամբ, այլև զգալի գույքային և ֆինանսական վերադասավորումներով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս