ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իշխան Սաղաթելյանի տուն իրավապահները մտել են ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Չի բացառվում, որ գործողությունները կապված լինեն Բագրատ Սրբազանի դեմ հարուցված քրեական վարույթի հետ, որի շրջանակում Իշխան Սաղաթելյանը դեռևս անցած տարի հրավիրվել էր նախաքննական մարմին՝ հարցաքննության։
Դեռևս անցած տարի գրել էինք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի շուրջ օղակը սեղմվում է։
ՀՀ Քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում լայնածավալ քննություն է սկսվել։ Քննչական կոմիտե են հրավիրում տարբեր անձանց, և հարցաքննությունների ընթացքում հիմնականում Իշխան Սաղաթելյանի գործողությունների վերաբերյալ հարցադրումներ են արվում՝ «Սրբազան պայքարի» մասով։
Նշենք, որ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների» գործից կա անջատված մաս, և այդ քրեական վարույթը Քննչական կոմիտեում շարունակվում է։ Նշենք նաև, որ 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՀ Քննչական կոմիտեում հարցաքննվել էր «Սրբազան պայքարի» գործի շրջանակում։ Վերջինս նշել էր, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ․
«Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ գործընթաց տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակում իրականացվող հետապնդում է, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»։
Ի՞նչ է սպասվում Իշխան Սաղաթելյանին
Այս իրավիճակում առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե պատգամավորին կանչել են հարցաքննության որևէ քրեական վարույթով, և այն էլ՝ կասկածանքի շուրջ, հարցաքննության ընթացքում նրան ուղղել են իր դեմ հարցեր, իսկ վերջինս, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ, ապա դա ենթադրում է, որ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում սկսելու գործընթաց է տեղի ունենում։
Սակայն ստացվում է, որ նախաքննական մարմինը, ըստ էության, այս իրավիճակում սխալ մոտեցում է որդեգրել և, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը չիրականացնելով, նրան կասկածանքի վերաբերյալ հրավիրել և հարցաքննել է՝ փաստացի տալով մեղադրյալի կարգավիճակ և օժտելով մեղադրյալի իրավունքներով ու պարտականություններով։
Սա բացահայտ ապօրինություն է և հետագա հնարավոր պաշտոնական մեղադրանքի պարագայում քննչական մարմնի գործողությունները իրավական տեսանկյունից դարձնում է բացահայտ խոցելի։
Խուզարկությունն այս պահին ավարտված է, իսկ Քննչական կոմիտեն լռում է, թե որ վարույթի մասին է խոսքը։
Քնար Մանուկյան























































































