ArmLur.am-ը դեռ հունիսի 10-ին տեղեկացրել էր, որ Ազգային ժողով անցած նոր ձևավորված ընդդիմադիր քաղաքական ուժերում քննարկումներ են ընթանում պատգամավորական մանդատների ստանձնման հարցի շուրջ։
Մենք նշել էինք, որ ընդդիմադիր ուժերը նպատակ ունեն վերցնել մանդատները գնալ ու աշխատել ԱԺ-ում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության դաշինքում կան թեկնածուներ, որոնք մտադիր են հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մանդատից հրաժարվելու նպատակ ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Լիլիա Շուշանյանը։
ArmLur.am-ի աղբյուրների համաձայն՝ նման մտադրություն ունեն նաև Գոհար Մելոյանն ու Արամ Վարդևանյանը, սակայն նրանց դեպքում հարցը դեռևս քննարկման փուլում է, և վերջնական որոշում չի կայացվել։
Ո՞վ է Լիլիա Շուշանյանը
Լիլիա Շուշանյանը միջազգայնագետ է և հանրային կառավարման ոլորտի մասնագետ։ Նա ծնվել է 1991 թվականին Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով հանրային կառավարման բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։
2019 թվականին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Վերջին շրջանում նա ներգրավված է քաղաքական գործունեության մեջ և մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը՝ ընդգրկվելով նաև կուսակցության պատգամավորության թեկնածուների ցանկում։
Սոնա Գրիգորյան




















































































