ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի հայտարարագրերը ցույց են տալիս, որ պաշտոնը ստանձնելուց հետո նրա ֆինանսական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են․ աճել են եկամուտները, ավելացել են բանկային հաշիվներում և կանխիկ պահվող միջոցները, սակայն պահպանվել է նաև տպավորիչ վարկային բեռը՝ մոտ 88 մլն դրամի չափով։
Հովակիմյանը 2024 թվականի ապրիլի 1-ից զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Այդ պահին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա արդեն երեք անշարժ գույքի սեփականատեր էր՝ Երևանում գտնվող առանձնատուն, Երևանում բնակարան և Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում առանձնատուն։ Երկու անշարժ գույք ստացել էր նվիրատվությամբ, մեկը՝ գնել։
Պաշտոնը ստանձնելու պահին փոխնախարարը ավտոմեքենա չէր հայտարարագրել, սակայն ուներ «ԻՆԱԳՐՈ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը՝ ընդամենը 50 հազար դրամ արժեքով։
2024 թվականի սկզբին նրա բանկային հաշիվներում առկա էր ընդամենը 436 հազար դրամ և 6 948 ռուբլի, մինչդեռ կանխիկ միջոցները բավականին զգալի էին՝ 6,8 մլն դրամ, 8 700 դոլար և 1,2 մլն ռուբլի։
Այդ ժամանակ նրա եկամուտները կազմել էին 9,87 մլն դրամ, որոնք ձևավորվել էին հիմնականում Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացած աշխատավարձից, ինչպես նաև գույքի վաճառքից և վարձակալությունից ստացված միջոցներից։ Միաժամանակ փոխնախարարն արդեն ուներ շուրջ 78,9 մլն դրամի վարկային պարտավորություններ։
BMW՝ գրեթե 10 մլն դրամով
2024 թվականը Հովակիմյանի հայտարարագրում առանձնանում է նոր ավտոմեքենայի ձեռքբերմամբ։ Նա վաճառել է 2002 թվականի արտադրության Mitsubishi-ն՝ 1 մլն դրամով, իսկ նույն տարվա դեկտեմբերի 26-ին ձեռք բերել 2020 թվականի արտադրության BMW՝ 9 մլն 975 հազար դրամ արժեքով։
Անշարժ գույքի կազմը չի փոխվել, սակայն եկամուտները կտրուկ աճել են՝ հասնելով 31,33 մլն դրամի։ Այդ գումարի մեջ ներառված են եղել նախարարությունից ստացած ավելի քան 10,4 մլն դրամ աշխատավարձը, ԵԱՏՀ-ից ստացած շուրջ 3,47 մլն դրամը, վարձակալությունից ստացված 5,4 մլն դրամը, մեքենայի վաճառքից գոյացած 1 մլն դրամը, ինչպես նաև բանկային տոկոսներն ու վարկային միջոցները։
Տարվա ընթացքում փոխնախարարը նաև 4,5 մլն դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման վրա, մինչդեռ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը հասել է արդեն 86,95 մլն դրամի։
Եկամուտների նոր աճ՝ 47,2 մլն դրամ
2025 թվականին Հովակիմյանի ունեցվածքի կառուցվածքում փոփոխություններ գրեթե չեն եղել։ Նա շարունակում է տնօրինել նույն երեք անշարժ գույքը, իսկ 2024-ին գնված BMW-ն պահպանվել է նաև 2025 թվականի վերջի դրությամբ։
Փոխարենը զգալիորեն ավելացել են դրամական միջոցները։ Եթե տարվա սկզբին բանկային հաշիվներին առկա էր 438 հազար դրամ, ապա տարեվերջին այդ ցուցանիշը հասել է 3,54 մլն դրամի։ Աճել են նաև կանխիկ միջոցները՝ 1,5 մլն դրամից դառնալով 2,6 մլն դրամ, իսկ դոլարային կանխիկ խնայողությունները 1 500 դոլարից հասել են 2 300 դոլարի։
2025 թվականին փոխնախարարի ընդհանուր եկամուտը կազմել է 47,27 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով շուրջ 16 մլն դրամով։
Եկամուտների հիմնական մասը ձևավորվել է նախարարությունից ստացված 18,61 մլն դրամ աշխատավարձից։ Բացի այդ, Հովակիմյանը ստացել է 2,77 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ, տոկոսագումարներ «Ինեկոբանկից», ինչպես նաև զգալի եկամուտներ անշարժ գույքի վարձակալությունից՝ 7,2 մլն դրամ «Քլինք ԷՌ» ՍՊԸ-ից և 2,7 մլն դրամ քաղաքացի Արա Շահբազովից։
Սակայն եկամուտների աճին զուգահեռ պահպանվել է նաև բարձր վարկային բեռը։ 2025 թվականի վերջի դրությամբ փոխնախարարի պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 87,84 մլն դրամ։
Հայտարարագրերը ցույց են տալիս, որ այդ պարտավորությունների զգալի մասը կապված է բնակարանային հարցերի հետ։ Հովակիմյանն ունի ավելի քան 40,2 մլն դրամի վարկ բնակարանի ձեռքբերման իրավունքի համար, 74,7 հազար ԱՄՆ դոլարի վարկ՝ բնակարանի գնման նպատակով, ինչպես նաև շուրջ 13,9 հազար դոլարի պարտավորություն բնակարանի վերանորոգման համար։ Դրանցից բացի առկա են ևս մի քանի դրամային վարկեր։
2025 թվականի ընթացքում փոխնախարարն իրականացրել է նաև խոշոր վճարումներ՝ 7,77 մլն դրամ ուղղելով վարկերի մարմանը և 4,85 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման աշխատանքներին։
Այսպիսով, պաշտոնավարման ընթացքում Նարեկ Հովակիմյանի ունեցվածքի կառուցվածքը գրեթե չի փոխվել, սակայն նրա եկամուտները, բանկային միջոցներն ու կանխիկ խնայողությունները զգալի աճ են գրանցել։ Միևնույն ժամանակ, փոխնախարարը շարունակում է մնալ բարձր վարկային պարտավորություններ ունեցող պաշտոնյաների շարքում՝ շուրջ 88 մլն դրամի ընդհանուր պարտքային բեռով։
Սոնա Գրիգորյան




























