ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո Մերձավանը, ապա նաև Հայաստանը լքած Ախտոյան եղբայրներից մեկը՝ Մհերը և նրանց հայրը արտերկրում անհետացել են։ Թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ՝ առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում որևէ վարկած, այդ թվում՝ այն, որ նրանք կարող էին դառնալ հաշվեհարդարի կամ վրեժխնդրության թիրախ, սակայն այս պահին նման տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև վերջերս երկրից հեռացած Ախտոյանները գտնվել են իրավապահ մարմինների տեսադաշտում, Երևանում իմացել են, թե նրանք որ երկրում են, ուր են ապրում, սակայն այժմ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա։ Նրանք, ըստ մեր տեղեկությունների, անհետացել են իրավապահների ու մյուսնեի տեսադաշտից։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան է վերադառնալու Ախտոյան եղբայրների մայրը, սակայն՝ առանց ամուսնու և որդու։ Այս հանգամանքի կապակցությամբ իրավապահները հարցաքննել են Հայաստանում գտնվող մյուս եղբորը՝ Փարաքարի ավագանու նախկին ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։ Վերջինս հայտնել է, որ մի քանի օր առաջ խոսել նրանց հետ ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել նաև Դավիթ Ախտոյանի հետ, սակայն նա տևական ժամանակ է չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։
Մեր խմբագրությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն պաշտոնապես որևէ տեղեկություն կամ մեկնաբանություն չտրամադրվեց։ Հատկանշական է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ հնարավոր վրեժխնդրության մասին։ Հենց այդ ֆոնին Ախտոյանների ընտանիքի անդամները լքեցին իրենց բնակավայրը, ապա՝ նաև Հայաստանը։ Թեև պաշտոնապես երբևէ չի հայտարարվել, որ նրանց կյանքին վտանգ էր սպառնում, գյուղում և նրանց շրջապատում նման մտավախությունները բացահայտ քննարկվում էին, իսկ ստիկանությունը հսկում էր նրանց տունը։
Այժմ, երբ նրանցից երկուսի գտնվելու վայրն անհայտ է, տարբեր վարկածներ են շրջանառվում։ Դրանց թվում է նաև այն, որ նրանք կարող էին դառնալ վրեժխնդրության զոհ. այսինքն՝ սպանվել են կամ իրենք են իրենց հետքը կորցրել՝ նման հեռանկարից խուսափելու համար։ Սակայն այս պահին որևէ վարկածը որևէ պաշտոնական հաստատում չունի, և նրանց անհետացման պատճառների մասին հստակ եզրակացություններ անել հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:52-ի սահմաններում, Մերձավանում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա կողքին գտնվող Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Ծանր վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։ Սպանության գործով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել էր Նարեկ Օհանյանը, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Գևորգ Հարությունյանը, որը, ըստ իրավապահների, խոստովանել էր սպանությունը, բայց դատարանում հակառակը պնդեց:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























