Armenian text to speach

ՆԱՏՕ-ի չորս երկրները նոր ռազմական ֆինանսավորման համակարգ են ստեղծում․ ինչու՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը հայտարարել են պաշտպանության ֆինանսավորման նոր բազմակողմ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ առաջընթացի մասին։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։

Երկրները նշել են, որ իրենց նպատակն է ամրապնդել պաշտպանական ֆինանսավորման ոլորտում համագործակցությունը, բարձրացնել ռազմական ծախսերի արդյունավետությունը և զարգացնել դաշնակիցների հավաքական պաշտպանական կարողությունները։

«Հաշվի առնելով միջազգային անվտանգության արագ փոփոխվող միջավայրը և Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետևանքները՝ մենք միասին կգործենք՝ ապագա սպառնալիքներին պատրաստ լինելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և ռուսական ագրեսիային դիմակայելու հարցում», – ասվում է հայտարարության մեջ։

Նախաձեռնությունը կոչվում է Բազմակողմ պաշտպանության մեխանիզմ (Multilateral Defence Mechanism, MDM)։ Այն նախատեսում է պաշտպանության ոլորտում ներդրումների արագացում, համատեղ ռազմական գնումների խթանում և ռազմավարական նշանակություն ունեցող պաշտպանական կարողությունների նկատմամբ միասնական պահանջարկի ձևավորում։

Ըստ հայտարարության՝ մեխանիզմի վերջնական նպատակը դաշնակից երկրների ռազմական կարիքների ապահովումն է՝ ավելի արդյունավետ ֆինանսավորման և համատեղ ծրագրերի միջոցով։

Չորս երկրները նշել են, որ պատրաստվում են արագ անցնել պայմանագրային բանակցությունների փուլին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ներպետական հաստատման ընթացակարգերը։ Նրանց ընդհանուր նպատակն է MDM մեխանիզմը գործարկել մինչև 2027 թվականը։

Նախաձեռնողները նաև հայտարարել են, որ ցանկանում են ընդլայնել մասնակիցների շրջանակը՝ ներգրավելով այլ դաշնակիցների։

Հաջորդ փուլում Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը նախատեսում են աշխատել հիմնական գործընկերների հետ՝ մեխանիզմը վերածելու ավելի լայն կոալիցիայի, ինչպես նաև շարունակել դրա տեխնիկական մշակումը։

Երկրները նաև ընդգծել են, որ նոր ֆինանսավորման մոտեցումները պետք է համահունչ լինեն ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների ծրագրերին՝ բարձրացնելով ռազմական կարողությունների համատեղելիությունն ու արդյունավետությունը։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը հայտարարել է, որ Եվրոպայում պաշտպանական գնումների համակարգը հաճախ մասնատված է, թանկ և դանդաղ։

«Այդ պատճառով ես աշխատում եմ ստեղծել Բազմակողմ պաշտպանության մեխանիզմ, որը կուժեղացնի համագործակցությունը, կբարելավի գնումների գործընթացը և կամրապնդի մեր հավաքական զսպման հնարավորությունները», – նշել է նա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեն Ջարվիսը ևս ընդգծել է, որ նոր մեխանիզմը կնպաստի երկրի և դաշնակիցների անվտանգության ամրապնդմանը։

«Մենք ապրում ենք ավելի վտանգավոր և անկանխատեսելի ժամանակաշրջանում։ Եվրոպական և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ այս մեխանիզմի շուրջ համագործակցությունը կբարելավի մեր զսպման և պաշտպանության հնարավորությունները», – ասել է նա։

Անի Վարդանյան




Լրահոս