ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը ցանկանում են համաձայնության հասնել հակամարտության ավարտի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը։
«Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են համաձայնության գալ», – ասել է նա։
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ վերջին օրերին դրական զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Նրանք երկուսն էլ ցանկանում են լուծել (հակամարտությունը)…. Իմ կյանքում ես հենց դա եմ անում՝ գործարքներ եմ կնքում, և կարծում եմ՝ նրանք կկարգավորեն այն, հուսով եմ՝ շուտով», – նշել է Թրամփը։
Նա նաև հերթական անգամ հիասթափություն է հայտնել ՆԱՏՕ-ի իր գործընկերներից։
«Եթե այն (խմբ.՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը) չանցկացվեր Թուրքիայում, որտեղ իմ ընկերը (խմբ.՝ նկատի ունի Ռեջեփ Էրդողանին) շատ ուժեղ առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն, հնարավոր է, որ ես չմասնակցեի», – ասել է Թրամփը։
Նա կրկին դժգոհել է, որ ՆԱՏՕ-ին չի օգնել ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություններում։
«Մեզ հետ լավ չվարվեցին, որովհետև մենք ինչ-որ բան արեցինք Իրանում։ Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ։ Ես նույնիսկ օգնություն չէի ուզում…. Նրանք ասացին, որ մեր կողքին չեն լինի, իսկ մենք տրիլիոնավոր դոլար ենք ներդրել ՆԱՏՕ-ում։ Ինչո՞ւ։ Եվրոպական երկրները և այլ երկրներ, Կանադան և այլ երկրներ պաշտպանելու համար», – ասել է ԱՄՆ նախագահը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում անցկացվում է հուլիսի 7-8-ը։




























