Հունիսի 26-ին մահացած պայմանագրային զինծառայողի դեպքով 2 անձ կալանավորվեց
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորին հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես, իրավապահ մարմինները պարզել են, որ ծառայության հետ կապված խնդիրների մասով պայմանագրային զինծառայողին պարբերաբար ճնշել են, ինչից դրդված վերջինս ինքնասպանությունից առաջ վնասել է ձեռքերը, որից հետո ինքնասպանության է դիմել։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով 2 զինվոր է կալանավորվել։
Հայտնել էինք, որ հունիսի 26-ին պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ին գտել էին մահացած։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ։
Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրում։ Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել էին հենց զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը տեղի էր ունեցել մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։
Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել էին, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը. ձեռքերին եղել են ոչ շատ խորության «խազեր»։
Այս դեպքը հունիս ամսվա ընթացքում ինքնասպանության հասցնելու երկրորդ դեպքն էր։ Հունիսի 2-ին էլ զինվոր Արամայիս Գևորգյանին էին գտել կախված վիճակում։ Մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















